«Լեհաստանը լավ է պատկերացնում՝ որ երկիրն է խաղաղություն ուզում, որը՝ ոչ». Դուդան` Ալեն Սիմոնյանին
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վարշավայում ընդունել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի համար առաջնային են ժողովրդավարական արժեքները, իսկ դրանց ամրապնդումն առանցքային է:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ ԵՄ-ն մնում է Հայաստանի առաջնային գործընկերը ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը եւ բարեփոխումների օրակարգին աջակցելու հարցում ու չնայած այն դժվարություններին, որոնց բախվել է մեր երկիրը վերջին մի քանի տարիներին՝ պահպանվել է Հայաստան-ԵՄ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դրական դինամիկան, եւ մի շարք համաձայնագրերի ստորագրմամբ էլ ավելի է ամրապնդվել իրավական դաշտը:
ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ Հայաստանը դիմել էր ԵՄ-ին «Խաղաղության եվրոպական գործիքի» (European Peace Facility-EPF) միջոցով Հայաստանին տեխնիկական աջակցություն հատկացնելու խնդրանքով:
«Եվրոպական միությունն այդ մեխանիզմի միջոցով աջակցություն է հատկացնում Ուկրաինային, Մոլդովային եւ Վրաստանին: Ցավոք, Հայաստանի խնդրանքը մերժվել է՝ հղում տալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների բարելավման գործում ԵՄ միջնորդական ջանքերին, ինչպես նաեւ «կոնֆլիկտային զգայունության» խնդրին: Կուզենայի կրկնել, որ խոսքը վերաբերում է տեխնիկական օժանդակությանը՝ պաշտպանական կարողությունները բարձրացնելու նպատակով»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու օրակարգին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը: Ալեն Սիմոնյանը մանրամասներ է փոխանցել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի հայությանը պատուհասած ճգնաժամի եւ Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին: Նա շեշտել է, որ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերներից՝ նման անօրինական եւ անմարդկային գործողությունների դատապարտում եւ ընդհուպ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում:
Հանդիպմանը կարեւորվել է երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացումը: Լեհաստանի նախագահի խոսքով անձամբ աջակցել է Հայաստանի եւ Վարշավայի ֆոնդային բորսաների միջեւ անցած տարի կայացած գործարքին՝ վստահ լինելով, որ տնտեսության զարգացմամբ ամրապնդվում է նաեւ Հայաստանի ինքնիշխանությունը:
Անջեյ Դուդան վստահեցրել է, որ շահագրգիռ է Հայաստանի եւ Լեհաստանի հարաբերությունների զարգացմամբ եւ վերհիշել 2006 թվականին որպես Լեհաստանի արդարադատության նախարար՝ Երեւանում անցկացվող Եվրոպայի խորհրդի արդարադատության նախարարների հանդիպմանն իր մասնակցությունը: Նախագահ Դուդան շեշտել է, որ հարավկովկասյան տարածաշրջանը կարեւոր է իրենց համար եւ, հատկապես, Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը: Նախագահը նշել է, որ հետեւում են 44-օրյա պատերազմից հետո տիրող իրավիճակին, ինչպես նաեւ քաջատեղյակ են տարածաշրջանի անվտանգային հարցերից ու լավ են պատկերացնում, թե որ երկիրն է իրականում խաղաղություն ուզում, որը՝ ոչ:
Նմանատիպ հոդվածներ
«Մենք դեմ ենք Հարավային Կովկասում սահմանների փոփոխությանը». Իրանի արտգործնախարար
«Եթե տարածաշրջանում վերականգնվեն տրանսպորտային և հաղորդակցական կապերը, Հարավային Կովկասը կարող է դառնալ աշխարհի տար...
Հակամարտության կարգավորման ուղիների որոնումը չպետք է ունենա արհեստական սահմանափակումներ․ Արցախի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ դեսպանին
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարաություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության կապակցությամբ«Հայաստան...
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մ...
Արցախի ԱԺ-ն կոչ է արել ՀՀ-ին՝ անհապաղ դադարեցնել վաշինգտոնյան բանակցությունները
Արցախի Ազգային ժողովն այսօրվա նիստում հայտարարությամբ դիմել է Վաշինգտոնում գտնվող ՀՀ պատվիրակությանը՝ կոչ անելով դադարեց...