
ՀՀ-ում Pegasus լրտեսական ծրագրով վարակման տասնյակ դեպքեր են կրկին հայտնաբերվել. Պապյան

Հայաստանում տասնյակ մարդիկ կրկին ծանուցում են ստացել պետական մակարդակով հաքերային հարձակման թիրախ դառնալու մասին։ Վերլուծությունը պարզել է, որ դրանք Pegasus լրտեսական ծրագրով վարակման դեպքեր են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է մեդիափորձագետ Արթուր Պապյանը։
Նշենք, որ երեկ Պապյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել էր, որ մի շարք քաղաքացիներ դիմել են Cyberhub.am֊ի թիմին և հայտնել, որ իրենք Apple֊ից ծանուցում են ստացել հաքերային հարձակման մասին։
«Մի քանի դեպքով վերլուծություն արդեն արել ենք, դիագնոստիկ ֆայլեր ենք ստուգել, և հայտնաբերվածները Pegasus լրտեսական ծրագրի վարակման դեպքեր են։ Հայտնաբերված դեպքերը ոչ թե այս պահին եղած ակտիվ վարակումներ են, այլ նախկինում եղած։ Սովորաբար Apple֊ից որոշակի ժամանակ անց են նկատում, որ հեռախոսի նկատմամբ գործողություն է կատարվել, մինչև դա վերլուծում են, ծանուցում են, ժամանակ է անցնում»,–ասել է Պապյանը։
Նրա խոսքով` այդ դեպքերը վերաբերում են 44–օրյա պատերազմին և դրան հաջորդած ժամանակահատվածին։
«Մեր նախնական գնահատականներով` լրտեսական ծրագիրը ադրբեջանական կողմն է օգտագործում, բայց չի բացառվում, որ կարող են ՀՀ իշխանություններն էլ դա կիրառած լինեն»,–ասել է մեդափորձագետը։
Նա կրկին հիշեցրեց, որ Pegasus լրտեսական ծրագրով չեն վարակվում սովորական քաղաքացիները։ Բոլոր հայտնաբերված դեպքերում հեռախոսների տերերը լրագրողներ են, քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ կամ նրանց մտերիմ մարդիկ։
«Ամեն մի վարակումը շատ թանկ արժե` տասնյակ հազարավոր դոլարներ, և ադրբեջանական կողմը դրանք օգտագործում է խիստ թիրախավորված»,–ասել է նա։
Մեդիափորձագետի խոսքով` Pegasus-ը վարակումները վերաբերում են «Այֆոն» ունեցողներին։ Անդրոյիդ համակարգով աշխատող հեռախոսների դեպքում վարակման թվերի մասին ոչինչ հայտնի չէ, քանի որ ի տարբերություն «Այֆոն» ունեցողների, այդ մարդիկ ծանուցում չեն ստանում։
Մանրամասները` սկզբնաղբյուրում: