Ձեթի մասին սոցիալական հարթակներում տարածվող տեսանյութի պնդումներն անհիմն են. ՍԱՏՄ
Վերջերս սոցիալական հարթակներում տարածվել է Ռուսաստանի Դաշնությունում արված մի տեսանյութ այն մասին, թե իբրև ձեթի վրա առկա «рафинированное, дезодорированное» բառը վկայում է դրա անորակ, վտանգավոր լինելու մասին: Ավելին, եթե շշի վրա գրված է «дезодорированное», ապա այն մշակված է նավթամթերքով՝ հեքսանով։ Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
«Տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացիների և հասարակության անհանգստությունները փարատելու համար տեղեկացնենք, որ բուսայուղը ստացվում է երկու եղանակով՝ մեխանիկական մզվածքի և լուծահանման:
Առավել մեծ արդյունաբերական քանակների համար կիրառվող լուծահանման մեթոդն իրականցվում է վակուումի պայմաններում՝ հատուկ լուծահանման աշտարակներում: Այնուհետև լուծահանված բուսական յուղը մաքրվում է ռաֆինացման միջոցով: Ռաֆինացման երեք փուլից մեկը՝ դեզոդորացիան է, որով արտադրողներն ազատվում են տհաճ համ և հոտ հաղորդող նյութերից:
Լուծահանումը հնարավոր է կատարել նավթամթերք հանդիսացող «հեքսանի» միջոցով, սակայն եթե նույնիսկ այն օգտագործվում է, ապա այնքան չնչին քանակություններով և այնքան հազվադեպ, որ նույնիսկ Մաքսային Միության ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգով այդ նյութի նորմավորում չի նախատեսվել:
Այսպիսով, բազմափուլ մաքրման պրոցեսներ անցած բուսական յուղերի պիտակների վրա նշվող ռաֆինացված կամ դեզոդորացված մակնշումը փաստում է միայն տվյալ բուսական յուղի մաքրման աստիճանի մասին և մարդու առողջության համար վտանգավոր չէ:
Այսպիսի դեպքերում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության գործիքներն են սննդամթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթերը և լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքները: Այդ արդյունքները համեմատվում են իրավական փաստաթղթով (տվյալ դեպքում՝ Մաքսային Միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 883 որոշմամբ հաստատված «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ»-ով (ՄՄ ՏԿ 024/2011)) սահմանված վնասակար նյութերի նորմերի հետ (սահմանված չլինելը ենթադրում է լաբորատոր փորձի անհրաժեշտության բացակայություն): Հետևաբար մենք պատրաստ ենք բոլոր դեպքերում ոչ միայն փաստաթղթային, այլև լաբորատոր փորձաքննություններով հավաստիանալ, որ սննդամթերքն անվտանգ է, եթե դրա նորմավորումը կանոնակարգված է։
Իսկ ինչ վերաբերում է փաստաթղթային ստուգումներին ապա՝ եթե բուսայուղը բերվում է ԵԱՏՄ անդամ որևէ երկրից և ունի անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթեր, այն ներմուծվում է երկիր: Իսկ եթե բերվում է երրորդ երկրից, ապա Հայաստանում պետք է դիմել հայտարարագրման մարմիններին և ստանալ համապատասխանության վկայական (ստուգվում է մակնշումը, ենթարկվում է լաբորատոր փորձաքննության, տրվում է համապատասխանության հավաստագիր, EAC պիտակը), ինչն էլ ստուգում է Տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումների ժամանակ»:
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի և Գեղարքունիքի փոխմարզպետները չեն հաստատում ԵՄ դիտորդներին տարհանելու մասին լուրը
Համացանցում լուրեր էին տարածվել, թե Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից շտապ տարհանել են Եվրոպական միության դիտորդներին։ Այ...
Կարձանագրվեն Գայի պողոտայում տրանսպորտի համար նախատեսված գոտում կատարված խախտումները
Երևան քաղաքի Գայի պողոտայում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում երթևեկության կանոններ...
Եվրապատգամավոր Սպելերբերգը և Գերմանիայի դեսպանության պաշտոնյան մասնակցել են Երասխում ԵՄ պարեկությանը
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մերլե Սպելերբերգը և Երևանում Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատ...
Հայտնի է՝ հուլիսի 1-ից թոշակներն ու նպաստները որքանով կավելանան
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը, որով առ...