
Սուրիկ Խաչատրյանի որդու հնարավոր մասնակցությամբ միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Սյունիքի նախկին մարզպետ՝ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի դեմ Գորիսի բնակչի վնասվածք ստանալու և բուժօգնության դիմելու դեպքի առնչությամբ քննչական կոմիտեի Սյունիքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «ՀՀ քրեական օրենսգրքի» 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) հատկանիշներով: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից:
Հաղորվում է, որ առկա են տվյալներ կատարվածին Տիգրան Խաչատրյանի առնչության վերաբերյալ, որոնք այս պահին վարույթի շրջանակում ստուգվում են։
Դեպքի առնչությամբ իրականացվում է նախաքննություն, ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական համապատասխան միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով։
Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ նախօրեին 3 միջադեպ է տեղի ունեցել Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան խաչատրյանի մասնակցությամբ:
Ըստ հրապարակումների՝ Տիգրան Խաչատրյանը քաղաքի բանուկ մասում հայհոյել էր ոստիկաններից մեկի կնոջը։ Ավելի ուշ կռվել բանջարեղեն վաճառող տղայի հետ։ Իսկ երեկոյան վիճել ու կրակել վուլկանիզացիայի 46-ամյա աշխատակցի վրա՝ գնդակը դիպել էր աջ ձեռքին։ Տուժածին տեղափոխել էին հիվանդանոց։ Ասում էին՝ կրակել է իրեն Տիկո ասելու համար։