«Զանգել եմ Արծրունին, ասել՝ էդ անասունին ասա, թող հանի վիդեոն». Գեղամ Մանուկյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի զեկույցին՝ նշելով, որ այն որևէ կապ չուներ ո՛չ պատերազմի, ո՛չ էլ պարտության հանգամանքների հետ։ 

 

«Խոսում էր, թե որ օրը որ զինադադարն էր ու իր առաջ ինչ պահանջներ էին դնում, բայց ինքը չէր խոսում երկրի ռազմաքաղաքական կառավարման մասին։ Պատերազմը միայն բանակը չէ, որ տանում է, այն համալիր է։ Փաշինյանը խոսեց այն մասին, թե ինչ է արել սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ լսել է պատերազմի մասին, մի հատ իր ֆեյսբուքյան էջը նայեք»,- ասել է պատգամավորը։

 

Մանուկյանը նշել է, որ ընդդիմությունը հայտարարել է, որ եթե Նիկոլ Փաշինյանի զեկույցը  ուղիղ եթերոով հեռարձակվելու է, ուրեմն պետք է  հրապարակվեն նաև մյուսների զեկույցները։

 

«Անհնար է պատերազմի ամբողջ հանգամանքների մասին խոսել ուղիղ եթերով, որովհետև մենք գործ ունենք բազմաթիվ ռազմական, դիվանագիտական գաղտնիքների հետ: Քննիչ հանձնաժողովը այսօր լսում էր Փաշինյանին, որը հղում էր անում Պուտինի բազմաթիվ առաջարկներին, հիմա Պուտինին բերելո՞ւ են հարցաքննության, որ մենք կարողանանք հասկանալ՝ օբյեկտիվ էր ասածը, թե չէ։ Նիկոլի կողմից մենք հարյուրավոր ստեր ենք լսել»,- նշել է նա։ 

 

Խոսելով քննիչ հանձնաժոովի նիստերին՝ ընդդիմության մասնակցության մասին, պատգամավորը ասել է․

 

«Ի սկզբանե մեր դիրքորոշումը եղել է շատ հստակ՝  չի կարող քննիչ հանձնաժողով ձևավորվել՝ մեծամասնություն ունենալով իշխանության ներկայացուցիչներին, այն դեպքում, երբ քննության թեմա 44-օրյա պատերազմը տեղի է ունեցել այս իշխանության օրոք։ Անդրանիկ Քոչարյանը այսօր քննիչ հանձնաժողովի նախագահն է, 2020թ-ի սեպտեմբերին նա պաշտպանության հանձնաժողովի նախագահն էր, ԱԺ պաշտպանության հանձնաժողովը ինչ է արել այդ ժամանակ, ինչ գործողություններ է իրականացրել, այս բոլորը ևս պետք է քննվեր քննիչ հանձնաժողովում  ու այստեղ սուբյեկտիվ կլիներ Անդրանիկ Քոչարյանի կողմից իր գործողությւոնները քննելը։ Անդրանիկ Քոչարյանը ապրիլյանի օրինակն էր բերում, բայց ապրիլյանը դրա լավագույն վկայությունն է, Քառօրյայի շուրջ հանձնաժողով ձևավորվել է այն ժամանակ, երբ 2016-ին իշխանության եղած ՀՀԿ-ն  մեծամանություն չի եղել  քննիչ հանձնաժողովում»։

 

Մանուկյանը հիշեցրել է, թե պատերազմի առաջին օրն ինչ գրառում է արել Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։

 

«Առաջին բանը, որ նա արել է, բանաստեղծություն է դրել իր էջում, պատկերացնենք՝ դու վարչապետի աթոռին ես նստած, լսում ես, որ լայնամասշտաբ պատերազմ է, Ստեփանակերտն ու ամբողջ Արցախը գնդակոծվում է, մեկ էլ ասում ես՝ ֆեյսբուքում մի հատ բանաստեղծություն դնեմ։ Մի ուրիշ օրինակ ասեմ, արցախյան կայք կա, 2 ժամ էր անցել, վիդեո դրեց՝ Ստեփանակերտով տանկերի տեղաշարժը: Մեկ էլ տեսնում ես Նիկոլ Փաշինյանն ափալ-թափալ իրա էջում տանկերի տեղաշարժի վիդեո է դնում: Զանգել եմ Արծրունին, ասում՝ էդ անասունին ասա, թող հանի վիդեոն, չի կարելի: Ջնջեցին, հանեցին։ Այսքանով սահմափակվենք, թե ոնց է իշխանությունը պատրաստվել պատերազմին։», - նշել է ընդդիմադիր պատգամավորը։

 

Հիշեցնենք՝  այսօր՝ հունիսի 20-ին, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել 44-օրյա պատերազմի մասին։