Լրիվ շրջափակված ենք, դրոշի դեպքից հետո կարիքավորներին ադրբեջանցին ՀՀ չի թողնում. Մեծ Շենի ղեկավար
Շուշիի շրջանի 4 գյուղերը ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրումից հետո շարունակում են մնալ երկկողմանի շրջափակման մեջ: Եթե այն ժամանակ հնարավորություն կար հումանիտար օգնություն հասցնելու կամ շտապ բժշկական օգնության կարիք ունեցողներին ռուս խաղաղապահների կամ Կարմիր խաչի միջոցով տեղափոխելու Հայաստան, ապա այս պահին դա էլ հնարավոր չէ, երեք օր առաջ՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Հակարիի կամրջի մոտ դրոշ տեղադրելու դեպքից հետո, Ադրբեջանն արգելել է անգամ ռուս խաղաղապահների մուտքն ու ելքը։ 24News-ը զրուցել է Շուշիի շրջանի շրջափակված գյուղերից՝ Մեծ Շենի ղեկավար Դավիթ Դավթյանի հետ։
-Պարոն Դավթյան, այս պահին ի՞նչ իրավիճակ է Ձեզ մոտ։
-Նույն վիճակն ա, ինչպես գիտեք, ոչ մի փոփոխություն չկա, քանի գնում՝ ամեն ինչ ավելի է վատանում։
-Ինչո՞վ է ավելի վատը դառնում։
-Արդեն լրիվ շրջափակված ենք, եթե առաջներում Կարմիր խաչի, խաղաղապահների միջոցով հիվանդների էին տեղափոխում, հիմա ոչ մի բան անել հնարավոր չէ։
-Երբվանի՞ց սկսած է այդ իրավիճակը։
-Դրոշի տեղադրման հետ կապած միջադեպից հետո։ Սնունդ էինք տեղափոխում, հիվանդներին հնարավորություն կար բուժհաստատություններ տեղափոխելու, կարևորը հիվանդներն են, հիմա էդ էլ հնարավոր չի։ Գյուղում, փառք Աստծո, դեռ նման ծանր վիճակում գտնվող հիվանդներ չունենք։ Երկու օր առաջ ենք օգնություն ստացել՝ մինչև կամրջի փակվելը, էլի մեկ ամիս կբավականեցնի։
-Գյուղում վիճակն ինչպե՞ս է, մարդկանց վերաբերմունքն ինչպիսի՞ն է։
-Սովորական, համակերպվում են, դիմանում են, ճիշտ է՝ չեն հաշտվում էդ մտքի հետ, որ պետք է ինտեգրվեն։
-Ինչի՞ն ինտեգրվեն։
- Արցախի ինտեգրմանը՝ Ադրբեջանի կազմում, դրա հետ ոչ ոք չի համակերպվում, չի էլ համակերպվի երբեք։
Մանրամասները` սկզբնաղբյուրում:






























