Երեկ աղետալի էր փողոցների վիճակը, բայց մեր մեղքով չէր. ինչու անձրևաջրերն արագ չեն հեռանում Գյումրու փողոցներից. «ՀԺ»
«Խնդիրը ոչ թե հեղեղատարների հետ էր կապված, այլ տեղումների մեծ ծավալի»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Գյումրու քաղաքապետարանի «Կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտավազդ Ոսկանյանը՝ անդրադառնալով նրան, թե ինչու երեկ տեղացած կարճատև անձրևն ու կարկուտը Գյումրին դարձրին անանցանելի, փողոցները ջրասույզ եղան, զբոսաշրջիկներն ու անցորդները տևական ժամանակ մնացին փողոցների այն հատվածներում, որտեղ եղել էին մինչ անձրևը:
Ոսկանյանը փաստում է՝ իսկապես աղետալի էր Գյումրու փողոցների վիճակը:
«Բոլոր հեղեղատարները ստուգել ենք երեկ, նորմալ աշխատել են: Ուղղակի ջրի ծավալը մեծ էր, 200-անոց խողովակը չէր հասցնում տանել: Կոմունալի խմբերը շրջել են, հենց այդ պահին հեղեղատարների ցանցերի վրա կուտակված տերևները, կարկուտի կոտրած թփերը հավաքել, հեռացրել են, որպեսզի ջուրը քաշվի»,- վստահեցնում է նա:
Գյումրիում գործող 450 հեղեղատար կա, պատասխանատուն համաձայնում է՝ քանակը քիչ է, բայց այս պահին ավելացվում է թիվը: Փողոցները, որոնցում իրականացվում են շինաշխատանքներ, նախագծում պարտադիր ունեն հեղեղատարի կառուցում նաև:
Հարցին՝ քանի՞ հեղեղատար է Գյումրուն անհրաժեշտ, որպեսզի անձրևի դեպքում քաղաքը չդառնա մեծ ջրավազան, վերջինս հստակ չի կարողանում նշել: Ըստ Ոսկանյանի՝ մասնագիտական հաշվարկ է պետք՝ թիվն իմանալու համար:
Սրանով հանդերձ՝ Գյումրու քաղաքային իշխանության ներկայացուցիչը համաձայն չէ դիտարկման հետ, թե Գյումրին տեղումների մեծ քանակի դեպքում պատրաստ չէ խնդիրներից խուսափել: Նրա խոսքով՝ ոչ մեկն էլ չի կարող կանխատեսել, թե երբ և ինչ քանակությամբ անձրև ու կարկուտ կտեղա:
«Տարին մեկ անգամ կարող է նման բան լինել, ամբողջ աշխարհում էլ էդպես է»,- ընդգծում է նա:
Դիտարկմանը՝ ոչ թե տարին մեկ անգամ, այլ մի քանի օր առաջ էլ նույն վիճակն էր Գյումրու փողոցներում, Ոսկանյանը կրկին շեշտում է տեղումների ծավալի աննախադեպ լինելու հանգամանքը:
Նշենք, որ երեկվա հեղեղումները, ըստ Կոմունալ ծառայության ղեկավարի, Գյումրիում ոչինչ չեն վնասել, բացառությամբ քաղաքում տնկված ծաղիկների, որոնց վերականգնման ուղղությամբ այսօր արդեն աշխատանքներ են իրականացվում:






























