Երասխի ուղղությամբ ադրբեջանցիների օգտագորած զենքը ծակել էր երեք սանտիմետր հաստությամբ մետաղյա պատը

Արարատի մարզի Երասխ համայնքի ուղղությամբ հունիսի 14-ին ադրբեջանական կողմը կրակ էր բացել։ Թիրախն այնտեղ կառուցվող մետալուրգիական գործարանն էր։ Թշնամին կիրառել էր մեծ տրամաչափի հրազեն։ «Հրապարակ օրաթերթ»-ի թղթակցի այցելության ժամանակ գործարանի աշխատակիցը, ում հետ զրուցեցել են, նշել է, որ ադրբեջանցիներն օգտագործել են «կորդ» տեսակի գնդացիր եւ ավելի մեծ տրամաչափի դիպուկահար զենք, որը հաստ բետոնե պատի մեջ հսկայական անցքեր էր առաջացրել։ Իսկ «կորդի» պարկուճը ծակել էր երեք սանտիմետր հաստությամբ մետաղյա պատը։ Արդյունքում վիրավորվել էին տարածքում աշխատող ազգությամբ երկու հնդիկներ, որոնք ստացել էին բեկորային վնասվածք։ Այժմ նրանք բուժվում են «Արարատ» բժշկական կենտրոնում՝ նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։


Գործարանի աշխատակիցներից մեկը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ադրբեջանցիների նպատակն ի սկզբանե եղել է վախեցնելը։ «Եթե նրանք ուզենային որեւէ մեկին սպանել, այդ զենքերով շատ հանգիստ կարող էին սպանել, բայց իրենց նպատակը եղել է մեզ վախեցնելը, որպեսզի դադարեցնենք որեւէ աշխատանք՝ գործարանի հետ կապված»,- ասաց նա եւ նշեց, որ այս պահին գործարանի աշխատանքները դադարեցված են, սակայն իրենք ծրագրում են շարունակել աշխատանքները։ 

 

Երասխի բնակիչները եւս զարմացած էին՝ հատկապես 2020 թվականից հետո ագրեսիվ ակտիվություն դրսեւորող ադրբեջանցիները մինչ այժմ կրակ են բացել միայն հայկական դիրքերի ուղղությամբ, միշտ խուսափել են թիրախավորել բնակչությանը կամ ոչ ռազմական օբյեկտները։
Երասխի վարչական ղեկավար Սարո Այվազյանին եւս ադրբեջանցիների կողմից գործարանի ուղղությամբ կրակելն անակնկալի էր բերել։

«Դա իսկապես զարմանալի էր, որ կրակ են բացել գործարանի ուղղությամբ, բայց փաստ է, որ իրենք չեն ուզում, որ գործարանն աշխատի, քանի որ դրա շնորհիվ բնակիչները կմնան Երասխում։ Հիմա գործարանում աշխատում են թե՛ Երասխի, թե՛ հարակից գյուղերի ու համայնքների բնակիչներ։ Մարդկանց շատ լավ աշխատավարձ են տալիս, լավ են վերաբերվում, ու դրա հաշվին արտագնա աշխատանքի գնացողների թիվը շատ է կրճատվել։ Առաջ տղամարդիկ ստիպված կա՛մ արտագնա աշխատանքի էին մեկնում, կա՛մ էլ պայմանագրային դառնում, իսկ հիմա գործարանում են աշխատում»,- ասաց Այվազյանը։

 

Երասխի վարչական ղեկավարը հպարտությամբ շեշտեց, որ գյուղը լքելու տրամադրություններ բնակիչները չունեն, ոչ էլ լքողներ եղել են։ Մարդիկ շարունակում են ապրել իրենց տներում, ու ադրբեջանցիների կողմից կրակոցները չեն ստիպի նրանց հեռանալ իրենց տներից։ «Այն ժամանակ, երբ ադրբեջանցիները կրակում էին, մարդիկ շարունակում էին ծիրան հավաքել այգիներում, իսկ երեխաները խաղում էին խաղահրապարակում։ Գյուղի կյանքը բարելավվում է, գազատար խողովակներ ենք անցկացնում, խաղահրապարակ ենք կառուցում, շուտով գյուղը եկեղեցի կունենա, այնպես որ՝ մենք շարունակում ենք մեր գյուղը շենացնել»,- եզրափակեց Այվազյանը։