Իրանը ակնկալում է պատասխան Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի ամբողջական չեղարկման հարցում․ դեսպան

Ռուսաստանի և Իրանի միջև առանց վիզայի զբոսաշրջային խմբերով այցերի մասին պայմանագիրը կսկսի գործել այս տարի։ Բայց իրանական կողմը նույնպես շահագրգռված է վիզաների ամբողջական վերացմամբ, РБК-ին ասել է ՌԴ-ում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ տեղի ունեցած բլից հարցազրույցում։ 

«Ինչ վերաբերում է մեր բոլոր քաղաքացիների համար վիզաների վերացմանը, ապա դա մեզ նույնպես հետաքրքրում է։ Սա ընդամենը ժամանակի հարց է։ Եվ մենք կցանկանայինք պայմանավորվել Ռուսաստանի Դաշնության հետ մեր բոլոր քաղաքացիների համար վիզաների վերացման շուրջ»,- ասել է դեսպանը։ «Մենք զբաղվել ենք այդ հարցով, և սպասում ենք ռուսական կողմից դրական արձագանքի»,- ասել է դիվանագետը։ 

Ավելի վաղ Մոսկվան ու Թեհրանը պայմանավորվել էին վերացնել զբոսաշրջային խմբերի համար վիզային ռեժիմը։ 5-ից 50 հոգանոց խմբերով զբոսաշրջիկների համար երկու երկրներ այցելելու և մինչև 15 օր այնտեղ մնալու հնարավորությունը պետք է գործի այս տարի։ Այս մասին մարտին խոսել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։ Դեռ 2017 թվականին կնքված երկկողմ համաձայնագրի գործելու համար կողմերը պետք է փոխանակեին տուրիստական ​​ընկերությունների ցուցակները։ 

 

«Ռուսական կողմը ներկայացրել է իր լիազորված ընկերությունները, իրանական կողմը ներկայացրել է իր լիազորված ընկերությունները, որոնք համատեղ կիրականացնեն այս համաձայնագիրը»,- հունիսի 14-ին ասել է դեսպան Ջալալին։