Ադրբեջանը թիրախավորված կրակ է վարել Երասխում մետալուրգիական գործարանի ուղղությամբ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․
«Հունիսի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ դիմելով ուժի կիրառման, կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրի մոտ տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների նկատմամբ:
Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է վարել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Սրան նախորդել էին Ադրբեջանի կեղծ մեղադրանքները հայկական կողմի հասցեին վերոնշյալ գործարանի կառուցման վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունը նախորդիվ արդեն հայտնել էր, որ գործարանի կառուցումը լիովին համապատասխանում է իր միջազգային պարտավորություններին, և որ Ադրբեջանի կեղծ անհանգստությունը պարզապես նպատակ ունի խոչընդոտել Հայաստանի տնտեսական զարգացումը և օտարերկրյա ներդրումները:
Այժմ, գնդակոծելով կառուցվող գործարանը, Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է ցուցաբերում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ: Ավելին՝ Ադրբեջանը հետևողականորեն ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետության հետ բոլոր ուղղություններով բանակցային գործընթացներում առաջնորդվում է միմիայն ուժի ապօրինի կիրառմամբ իր ցանկալի լուծումները Հայաստանի Հանրապետությանը պարտադրելու սկզբունքով, ինչի համար նպաստող կամ խրախուսող միջավայր է ընկալում միջազգային հանրության մեղմ արձագանքը և ամենաթողությունը:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը հստակ քայլեր ձեռնարկել՝ սահմանափակելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և վերջինիս անհիմն, անտրամաբանական և կամայական պահանջներին ուժի և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով հասնելու անընդունելի քաղաքականությունը»,- նշվում է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Երասխի մետաղաձուլարանի մասին ՀՀ ՇՄՆ-ի պարզաբանումը՝ ի պատասխան Ադրբեջանի հայտարարության
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան Երասխում մետաղաձուլարանի վերաբերյալ Ադրբեջանի հայտ...
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները հանդիպել են
Սանկտ Պետերբուրգում կայացել է գլխավոր դատախազների ռուս-հայկական-ադրբեջանական եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ...
Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի գործողություններն առավել սպառնալից բնույթ են ստանում. Արցախի ԱԳՆ
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի ամբողջական փակման կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Հու...
Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ․ Իրանում ՀՀ դեսպան
Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հարցազրույց է տվել իրանական «Ռահբորդե մոասեր» լրատվական կայքին։ ՀՀ արտաքին գործերի նախա...