Թրամփի դատավարության տեսա և լուսանկարահանումը կարգելվի

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին կարգելվի բջջային հեռախոսներ և այլ էլեկտրոնային սարքեր բերել դատարանի շենք, որտեղ հունիսի 13-ին պետք է մեղադրանք առաջադրվի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է NBC News-ը։ 

«Թղթակիցներին և լրատվամիջոցների այլ անդամներին արգելվում է օգտագործել բջջային հեռախոսներ և/կամ էլեկտրոնային սարքավորումներ Մայամիի ԱՄՆ դատարանի շենքում (...)», - դատարանի որոշման մեջ ասել է ԱՄՆ-ի գլխավոր շրջանային դատավոր Սեսիլիա Ալտոնագան: 

Միևնույն ժամանակ, դաշնային մագիստրատ դատավոր Ջոն Գուդմանը մերժել է լրագրողների կոալիցիայի խնդրանքը՝ թույլ տալ «սահմանափակ թվով լուսանկարներ և տեսանկարահանումներ դատարանի դահլիճում և/կամ արտաքին միջանցքում մինչև դատավարությունը»: 

Նրա խոսքով՝ «լուսանկարելու թույլտվությունը կխաթարի նիստի ընթացքում ձեռնարկված անվտանգության լայնածավալ միջոցառումները»: 

Նա նշել է, որ դատական ​​նիստի սղագրությունը կտրամադրվի նույն օրը։ 

Գուդմենն ընդգծել է, որ իր որոշումը չի վերաբերում հետագա գործընթացային լսումներին։ 

«Իմ մասնակցությունն այս գործին գրեթե անկասկած կավարտվի վաղը: (...) Հետևաբար, ես տեղին չեմ համարում որոշում կայացնել այն մասին, թե ինչ կլինի ապագա վարույթում», - մեջբերում է ABC News-ը Գուդմանի որոշումը։ 

Միևնույն ժամանակ, Մայամիի քաղաքապետ Ֆրենսիս Սուարեսը երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ քաղաքը պատրաստ է դիմակայել ցանկացած բողոքի և ցույցի, որը կարող է տեղի ունենալ երեքշաբթի դաշնային դատարանում Թրամփի առաջին ելույթի ժամանակ: 

Նա նախազգուշացրել է մերձքաղաքային գնացքների ուղեւորներին, որ կարող են «խափանումներ» լինել երթեւեկության կազմակերպման գործում։ 

Նրա խոսքով, անհրաժեշտության դեպքում ճանապարհները կարող են փակվել, սակայն ի սկզբանե իշխանությունները չեն նախատեսում դա անել։ 

Նախկին նախագահ Թրամփը երեքշաբթի կկանգնի դատարանի առջև՝ գիտակցաբար գաղտնի փաստաթղթեր ունենալու համար։ 

Ինչպես հաղորդվում է, դատախազները Թրամփին մեղադրանք են առաջադրել 37 կետով՝ Ֆլորիդայի նրա անձնական նստավայրում գաղտնի փաստաթղթերի անօրինական պահպանման գործով։ Մասնավորապես, 31 կետ կապված է ԱՄՆ-ի և այլ երկրների պաշտպանական համակարգի վերաբերյալ գաղտնի փաստաթղթերի հետ։

Քաղաքականություն