ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մանչեսթեր Սիթի»-ն՝ Չեմպիոնների լիգայի հաղթող

Ստամբուլի օլիմպիական մարզադաշտում կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակիչը: Միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթի»-ն և «Ինտեր»-ը։

 

Արմենպրեսի թղթակցի հաղորդմամբ՝ մեկնարկային րոպեներին երկու թիմերն էլ «հետախուզական» ֆուտբոլ էին խաղում՝ չբացահայտելով իրենց հաղթաթղթերը: Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն, սակայն, գրոհների ժամանակ առավել վտանգավոր էր գործում: Գրոհների հաջորդականության մեջ վերջնական հարվածի դիպուկությունն էր պակասում միայն: «Մանչեսթեր Սիթի»-ն ակնհայտորեն ավելի շատ էր տիրում նախաձեռնությանը:

 

Խաղի 35-րդ րոպեին փոխարինվեց «Մանչեսթեր Սիթի»-ի առաջատարներից Քևին դե Բրույնեն: Նրա փոխարեն խաղը շարունակեց Ֆիլ Ֆոդենը: Չիրացնելով իրենց ունեցած հնարավորություններից և ոչ մեկ` թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:

Երկրորդ կեսի մեկնարկում թիմերն առավել ագրեսիվ էին գործում, կոպիտ խաղ էին ցուցադրում, իսկ հաշվի փոփոխություն չկար: 56-րդ րոպեին «Ինտեր»-ի կազմում փոփոխություն տեղի ունեցավ և Զեկոյի փոխարեն խաղը շարունակեց Լուկակուն:

«Մանչեսթեր Սիթի»-ն իրացրեց իր պահը 68-րդ րոպեին: Անգլիական ակումբի հերթական գրոհն արդյունավետ հարվածով եզրափակեց Ռոդրին: «Ինտեր»-ը հաջորդ իսկ գրոհին կարող էր վերականգնել հաշվի հավասարությունը, բայց Լուկակուի հարվածից հետո փայլուն գործեց «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահը:

 

Բաց թողած գոլից հետո «Ինտեր»-ի ֆուտբոլիստները նետվեցին առաջ՝ փորձելով փրկել խաղը։ «Ինտեր»-ը մի քանի անգամ լուրջ սպառնաց մրցակցի դարպասին։ Գոլ խփելու փայլուն հնարավորություն ուներ Դի Մարկոն, ում հարվածից հետո գնդակը կարող էր հայտնվել, կարելի է ասել, դատարկ դարպասում, եթե դրա ճանապարհին չկանգներ «Ինտեր»-ի հարձակվող Ռոմելու Լուկակուն։ Մինչև մրցավարի եզրափակիչ սուլիչը իտալական ակումբի ֆուտբոլիստները փորձում էին փոխել խաղի ընթացքը՝ մեկը մյուսի հետևից վտանգավոր պահեր ստեղծելով մրցակցի դարպասին։ Նույնիսկ խաղի վերջին վայրկյանին «Ինտեր»-ը հնարավորություն ուներ հաշիվը հավասարեցնելու, սակայն կրկին հաջող գործեց «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Էդերսոնը։

 

Ի վերջո «Ինտեր»-ին չհաջողվեց հետ բերել կորցրածը և իտալական ակումբը 2010 թվականից հետո առաջին անգամ կրկին հասնելով եզրափակիչ` պարտվեց: «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր»` 1:0:

 

«Մանչեսթեր Սիթի»-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող: Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն այս մրցաշրջանում նվաճեց երրորդ գավաթը:

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 83-րդ րոպեին: Մխիթարյանը հայկական ֆուտբոլի համար բացառիկ արդյունք գրանցեց` դառնալով առաջին հայ ֆուտբոլիստն, ով հանդես եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: