Ռուսաստանը հարյուրավոր ԱԹՍ-ներ է ստացել Իրանից և կառուցում է դրանց արտադրության գործարան․ Սպիտակ տուն

Սպիտակ տունը ուրբաթ ասել է, որ Ռուսաստանը, ըստ երևույթին, խորացնում է իր պաշտպանական համագործակցությունը Իրանի հետ և Թեհրանից ստացել է հարյուրավոր կամիկաձե մարտական ​​անօդաչու թռչող սարքեր, որոնք օգտագործում է Ուկրաինային հարվածելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Վկայակոչելով վերջերս գաղտնազերծված տեղեկատվությունը՝ Սպիտակ տունը հայտնել է, որ անօդաչու սարքերը կառուցվել են Իրանում, տեղափոխվել Ռուսաստան Կասպից ծովով, իսկ հետո օգտագործվել Ուկրաինայում։ 

«Վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանը օգտագործել է իրանական անօդաչու թռչող սարքեր Կիևին հարվածելու և ուկրաինացի բնակչությանը վախեցնելու համար, և թվում է, թե ռուս-իրանական ռազմական գործընկերությունը խորանում է», - ասել է Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին: 

«Մենք նաև անհանգստացած ենք, որ Ռուսաստանն աշխատում է Իրանի հետ՝ Ռուսաստանի ներսում իրանական անօդաչու թռչող սարքեր արտադրելու համար», - Ջոն Քիրբիի խոսքերն է մեջբերում Reuters-ը: 

Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ն տեղեկություններ ունի, որ Ռուսաստանը Իրանից նյութեր է ստանում, որոնք անհրաժեշտ են անօդաչու թռչող սարքերի գործարան կառուցելու համար, որը կարող է լիովին շահագործվել հաջորդ տարվա սկզբին Թաթարստանի Ալաբուգա հատուկ տնտեսական գոտում: