Ազատի զորամասի հրդեհի գործով առաջիկա օրերին դեպքի վայրում կկատարվեն որոշ ուսումանասիրություններ․ Նորայր Նորիկյան

Ազատի զորամասի կացարանի հրդեհի գործով պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին դեպքի վայրում կատարել որոշ ուսումանասիրություններ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հրդեհի օրը մահացած զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։

 

«Հայտնում եմ Ձեզ, որ այսօր ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները ինձ հետ միասին հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին։

 

Հանդիպմանը մասնակցել են Փրկարար ծառայության բարձրաստիճան սպաներ, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, գնդապետ Արսեն Սարոյանը, ով դեպքի հաջորդ օրը՝ ս.թ. հունվարի 20-ին, Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Հանրային քննարկում» հաղորդման ժամանակ տառացիորեն հայտնել էր, որ զոհված 15 զինծառայողներից 14-ը ծխահարվել են, ներսում եղել է 21 հոգի, նրանցից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին պառկած։

 

Զոհված զինծառայողների ծնողները բազմաթիվ հարցեր են բարձրացրել։

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին դեպքի վայրում կատարել որոշ ուսումանասիրություններ։

 

Առաջիկա օրերի ընթացքում այս գործի վերաբերյալ հանդես կգամ առավել ծավալուն տեղեկատվությամբ․․․»,- գրել է Նորիկյանը։