ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կինը շներին կերակրելուց հետո ծեծի է ենթարկվել

Առավոտյան հայտնել էինք Թաիրովում տղամարդկանց կողմից ծեծի ենթարկված կնոջ մասին, ով ասել էր, որ դեպքից առաջ կերակրելիս է եղել թափառող շներին, ինչի պատճառով տեղի բնակիչներից մի քանիսի հետ վիճաբանություն է եղել, ինչից հետո իրեն մի քանի անգամ հարվածել են։ Այս մասին գրում է Oragir.News-ը: 

 

Լրատվականը զրուցել է Աննա Մանուկյանի հետ, որը մասնավորապես ասել է. «Այդ տարածքում մոտ 300-400 մետր հեռու մի հյուրատուն կար, մի կին ու տղամարդ եկան, կինը ներկայացավ հաղորդավար՝ Զառա Կարապետյան։ Ինձ ասաց, որ շներին կերակրելով խանգարում եմ իրենց բիզնեսին, ես էլ ասացի, որ ես ոչ մի վատ բան չեմ անում, ընդամենը կերակրում եմ անմեղ կենդանիներին։ Դրանից հետո սկսեցին ինձ վրա բղավել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել իմ ու ընտանիքիս հասցեին։ Դրանց հաջորդեցին նաև բռունցքներով հարվածները թևերիս և ուսերիս»,-ասել է կինը։ 

 

Նա նշել է, որ դրանից հետո նստել է իր մեքենան, մոտ 100 մետր առաջ ընթացել, հետո զանգահարել ոստկանություն, ապա նրանց հորդորով նաև շտապօգնություն, քանի որ ինքնազգացողությունը վատթարացել է․ «Բժիշկները եկան, ճնշումս չափեցին, հանգստացնող դեղ տվեցին, քանի որ բարձրաձայն լացում էի։ Եկան նաև կենդանասեր աղջիկները։ Ոստիկանների հետ միասին գնացինք Էջմիածնի բաժին և տվեցի հաղորդում դեպքի վերաբերյալ։ Ոստականությունում շատ ուշ վերցրեցին հաղորդումը, ասում էինք՝ ինչու չեք վերցնում հաղորդումը, ասում էին՝ մենք իրավունք ունենք ձեզ մինչև 5 ժամ պահելու, բայց, քանի որ վատ էի ինձ զգում, մոտ 2 ժամ հետո հաղորդումը վերցրեցին, չգիտենք՝ ինչի հետ էր կապված, միգուցե, ցանկություն չունեին, կամ էլ լրջությամբ չէին վերաբերվում»։ 

Քաղաքականություն

Պատահարներ