Էրդողանի երդմնակալությանը կմասնակցեն աշխարհի ավելի քան 80 երկրների ներկայացուցիչներ

Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա հունիսի 3-ին Անկարայի նախագահական համալիրում, կմասնակցեն պետությունների 31 ղեկավարներ եւ 13 վարչապետեր, ինչպես նաեւ շատ նախարարներ եւ միջազգային կազմակերպությունների, այդ թվում Թյուրքական պետությունների կազմակերպության, ՆԱՏՕ-ի եւ Իսլամական համագործակցություն կազմակերպության ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացրել է «Անադոլուն»։

 

Էրդողանը, ըստ պաշտոնական տվյալների՝ հավաքելով 27 մլն 834 հազար 589 ձայն, երդում կտա Թուրքիայի Ազգային մեծ ժողովում  ժամը 14.00-ին, իր մանդատը նա կստանա ԹԱՄԺ խոսնակի պաշտոնակատար Դեւլեթ Բահչելիից։

 

«Արարողությանը կմասնակցեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը, Գաբոնի նախագահ Ալի Բոնգո Օնդիմբան, Գվինեա Բիսաուի նախագահ Ումարո Սիսոկո Էմբալոն, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Կոնգոյի նախագահ Դենի Սասու Նգեսոն, Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանին, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստեւո Պենդարովսկին, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը, Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն, Սենեգալի նախագահ Մակի Սալը, Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մահմուդը, Տոգոյի նախագահ Ֆոր Էսոզմինա Գնասինգբեն, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Բանգլադեշի նախագահ Մոհամադ Շահաբուդդին Չուպուն, Գվինեայի նախագահ Մամադի Դումբույան»,- գրել է գործակալությունը՝ ավելացնելով, որ «պատվավոր հյուրերի ցուցակում 13 վարչապետեր են, այդ թվում Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Լիբիայի վարչապետ Աբդուլհամիդ Դիբեյբեն»։

 

Արարողությանը կմասնակցեն նաեւ 8 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանչիպեկ Օմուրալիեւը, ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը եւ  Իսլամական համագործակցություն կազմակերպության գլխավոր քարտուղար Հուսեյն Իբրահիմ Թահան։

 

12 երկրներ ներկայացված կլինեն խորհրդարանների նախագահների մակարդակով, որոնց թվում են Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը եւ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական կոմիտեի փոխնախագահ Դին Չժունլին։ Արարողությանը կմասնակցեն Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆը, Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախկին նախագահ  Դերվիշ Էրօղլուն, Բոսնիա եւ Հերցեգովինայի նախագահական խորհրդի նախկին անդամ Բաքիր Իզետբեգովիչը եւ Շվեդիայի նախկին վարչապետ Կառլ Բիլդտը։

 

Արարողության ավարտից հետո Թուրքիայի նախագահը կհրապարակի կառավարության նոր կազմը։

Քաղաքականություն

Պատահարներ