Ագարակ քաղաքի 32-ամյա բնակիչը խաբել է 73 մարդու. հափշտակության չափը 300 մլն դրամ է

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի 32-ամյա բնակիչը, նույն մեխանիզմը կիրառելով, խաբեության եղանակով յոթ տասնյակից ավելի հափշտակություններ է կատարել։ 

 

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հրապարակել է տարբեր անձանցից մոտ 300 միլիոն դրամի հափշտակություն կատարելու խարդախության մանրամասները։

 

Նախաքննության արդյունքում պարզվել է, որ տղամարդը, 2020-2021թթ. ընթացքում Երևան, Եղեգնաձոր, Էջմիածին, Չարենցավան, Աբովյան քաղաքների տարբեր փողոցներում նկատելով պատահական անցորդների պարանոցին կամ ձեռքերին ոսկյա զարդեր, նրանց վստահությունը շահելու և զարդերը հափշտակելու համար մի ամբողջ սցենար է հորինել։

 

«Նա մոտեցել է այդ անձանց, ներկայացել որպես վերջիններիս հարազատների, հիմնականում՝ նրանց հոր մտերիմ կամ բարեկամ, և նրանց վստահությունը ձեռք բերելու համար խնդրել է զանգահարել նրանց այդ հարազատներին, հեռախոսով զրուցել վերջիններիս հետ և ամրապնդել տուժողների վստահությունն իր նկատմամբ: Հեռախոսազրույցն ավարտելուց հետո հենց տեղում կամ սրճարաններ հրավիրելով` նրանցից վերցրել է տարբեր արժողությամբ և քաշի ոսկյա զարդեր, ապա ոսկերիչ ընկերոջը ցույց տալու և հետ վերադարձնելու պատրվակով հեռացել և այլևս չի վերադարձել»,– տեղեկացնում են ՔԿ–ից։

 

Եղել են նաև դեպքեր, երբ 32-ամյա տղամարդը, նույն եղանակով փողոցներում անծանոթ անձանց մոտենալով և նրանց վստահությունը շահելով, խնդրել է իրեն տրամադրել բջջային հեռախոսները՝ իբր նրանց ազգականների հետ զրուցելու նպատակով։ Ապա օգտագործելով հարմար պահը և օգտվելով անձանց անուշադրությունից՝ հեռացել է՝ հափշտակելով հեռախոսները։ Որոշ դեպքերում թուլացնելով դիմացինի զգոնությունը` պարանոցից քաշել-պոկելու միջոցով վերցրել է ոսկյա շղթան ու դիմել փախուստի։

 

Մեկ այլ դեպքում էլ պոտենցիալ գնորդին ներկայացել է որպես «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր։ Պայմանավորվել է վաճառել ավտոմեքենան 500.000 դրամով: Ապա հայտնել է, թե ավտոմեքենայի բանալիներն իբր պարտքի դիմաց մեկ այլ անձի մոտ են, խնդրել է դրանք վերցնելու նպատակով իրեն տրամադրել 300.000 դրամ գումար՝ մնացած գումարը ավտոմեքենայի անվանափոխության ժամանակ վերցնելու պայմանով: Գումարը վերցնելուց հետո, սակայն, մոլորեցնելով քաղաքացուն` հեռացել է:

 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ (կողոպուտ) և 254-րդ (գողություն) հոդվածների մի շարք կետերով։ Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Տղամարդու գործողությունների հետևանքով տուժած 73 քաղաքացիներին պատճառված գույքային վնասի ընդհանուր չափը կազմում է շուրջ 300 մլն դրամ:

 

Վնասը վերականգնելու իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ մեղադրյալի անշարժ և շարժական գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել:

 

Քաղաքականություն

Պատահարներ