Քրեական հետապնդում է հարուցվել Դիլիջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ

2023 թվականի հունիսի 2-ին, Տավուշի մարզի դատախազի որոշմամբ` վերացվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշումը:

 

Դատախազությունից հայտնում են, որ նույն օրը Տավուշի մարզի դատախազության դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչին տրվել է հանձնարարություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ՝ ենթադրյալ հանցանքի փաստական նկարագրությունը և տրված իրավական գնահատականը շտկելու համար, ինչը կատարվել է:

 

Դատախազի որոշմամբ՝ Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), այն բանի համար, որ Ա. Ղայթմազյանը 2023 թվականի ապրիլի 10-ին` ժամը 23:30-ի սահմաններում, գտնվելով Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում, անհիմն վիճաբանության մեջ է մտել ռեստորանի աշխատակից` անչափահաս Ա.Ա.-ի հետ, ձեռքի ափերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Ա.-ի գլխի և մարմնի տարբեր մասերին` անչափահասին պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ:

 

Դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչին տրվել է նաև հանձնարարություն՝ Ա. Ղայթմազյանին մեղադրանք ներկայացնելու, ազատության մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարան միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ:

Տրված հանձնարարությամբ պահանջվել է քննության առարկա դարձնել բոլոր հնարավոր վարկածները, պարզել տեղի ունեցածի իրական պատճառները, ինչպես նաև քննության առարկա դարձնել անչափահաս տուժողի՝ նշված համալիրում աշխատելու իրավական հիմքերը:

Միևնույն ժամանակ, դատախազի կողմից, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակում, «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում սկսվել է ուսումնասիրություն՝ ի թիվս այլնի՝ անչափահասներին աշխատանքի ընդունելու օրենքով սահմանված կարգի հնարավոր խախտումները վեր հանելու և իրավական գնահատականի արժանացնելու նպատակով»:

 

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, տարածվել է տեսանյութ, որտեղ երեւում է թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետ Արսեն Գայթմազյանը ռեստորանհյուրանոցային համալիրում ծեծի ենթարկում 16-ամյա երիտասարդին։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին։

 

Նախաքննության ընթացքում  քրեականի պետն իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում, այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին եւ ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաեւ նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել եւ գիտակցում է, որ դրսեւորել է ոչ պատշաճ վարքագիծ եւ խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով:  Գործուն զղջալու, այսինքն ոչ ռեաբիլիտացնող հիմքով, քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել է:

 

 ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ապրիլի 14-ին սկսվել է ծառայողական քննություն եւ հաստատվել վերոհիշյալ փաստը: Մայիսի 5-ին նրա ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն:

Քաղաքականություն