ՄԻՊ–ը` 16-ամյա տղային ծեծելու դեպքի մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վստահեցնում է` Դիլիջանում 16-ամյա տղային ծեծի ենթարկելու առնչությամբ սկսել են գործել անմիջապես. կապ են հաստատել խնամակալության և հոգաբարձության մարմնի, այլ համապատասխան պետական մարմինների, ինչպես նաև փաստաբանի հետ։ Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

 

«Մինչև բանավոր հաղորդակցությունը, մենք այդ մարմինների հետ բանավոր հաղորդակցություն ենք անցկացրել, քանի որ հասկանում էինք, որ գրավորի դեպքում կարող է երկար տևել։ Իրացնելու ենք մեր ձեռքում եղած ամբողջ գործիքակազմը։ Տվյալ պարագայում խոսքն անչափահասի մասին է, հետևաբար այս հարցով տրամադրվող և տարածվող տեղեկությունը պետք է զգույշ լինի։ Մենք հենց այդպես էլ շարժվում ենք։ Թե՛ հանդիպումները, թե՛ մնացյալ գործիքակազմի իրացումը, որը պետք է իրականացնենք, արվելու է խորհրդապահական կարևոր մեթոդը նկատի ունենալով և երեխայի կարևոր շահը հաշվի առնելով»,– նշել է Մանասյանը։

 

Անդրադառնալով սոցցանցերում այն քննադատություններին, որ դեպքի առնչությամբ ՄԻՊ–ը հայտարարություն չի տարածել, նա շեշտել է` անմիջապես սկսել են գործել։ Պնդել է` աշխատանքը խոսքով չի արվում, այլ փաստացի գործունեությամբ։

 

Հիշեցնենք` հունիսի 1-ին սոցցանցերում մի տեսանյութ տարածվեց, որում երևում էր, թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետը Հաղարծին հյուրանոցային համալիրում ծեծի ենթարկում 16-ամյա մի տղայի։

 

Հետո ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ տղային ծեծած Ա.Ղ.–ն համագործակցել է վարույթ իրականացնող մարմնի հետ, որևէ կերպ չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, որը համարվում է ոչ մեծ ծանրության հանցավոր արարք։ Նա հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել գործուն զղջալու հիմքով: Դատախազը բավարարվել է միջնորդությունը։

 

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Դատախազի որոշմամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։

Քաղաքականություն

Պատահարներ