Ի հայտ է եկել ձայնագրություն, թե նախագահի պաշտոնը լքելուց հետո Թրամփը պահել է գաղտնի փաստաթուղթ

ԱՄՆ դաշնային դատախազների տրամադրության տակ է հայտնվել 2021 թ.-ի ամռան մի ձայնագրություն, որտեղ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ընդունում է, որ իր մոտ է պահել Պենտագոնի գաղտնի փաստաթուղթ Իրանի վրա հնարավոր հարձակման մասին: Այս մասին գրել է «Արմենպրես»-ը` հղում անելով  CNN-ին:

 

Ըստ հետաքննությանը ծանոթ աղբյուրների՝ տվյալ ձայնագրությունն ապացուցում է, որ Թրամփը գիտակցում էր, որ պաշտոնից հրաժարվելուց հետո իր մոտ գտնվում են գաղտնի նյութեր: Ձայնագրության մեջ Թրամփը, ենթադրաբար, ասում է, թե կցանկանար կիսվել այդ տեղեկատվությամբ, սակայն տեղյակ է նախագահի լիազորությունների ավարտից հետո նման գաղտնազերծումներ անելու սահմանափակումների մասին:

 

CNN-ն ընդգծում է, որ չի լսել ձայնագրությունը, սակայն մի շարք աղբյուրներ նկարագրել են դրա բովանդակությունը: Ըստ աղբյուրներից մեկի՝ Իրանին առնչվող փաստաթղթի հատվածը մոտ երկու րոպե է: Մեկ այլ աղբյուր էլ հայտնել է, որ տվյալ քննարկումն ավելի երկար հանդիպման մի փոքր մասն է:

Աղբյուրների բնութագրմամբ՝ ձայնագրությունը կարևոր ապացույց է Թրամփի դեմ հնարավոր գործ հարուցելու համար:

 

Թրամփը հերքել է, որ օրենքի որևէ խախտում է թույլ տվել: Նրա նախընտրական շտաբի խոսնակը հայտարարել է, որ նման «արտահոսքերի նպատակն է լարվածություն հրահրել» Թրամփի շուրջ:

Քաղաքականություն

Պատահարներ