2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում գործազուրկների թիվը կազմել է 48,5 հազար. նախարար

Հայաստանում 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ գործազուրկների թիվը կազմել է 48 հազար 561։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

 

Այս ցուցանիշը, ըստ նրա, 16,5 տոկոսով պակաս է 2021 թվականի ցուցանիշից։ 

«Գործազուրկների ընդհանուր թվից 62,8 տոկոսը կամ 30 հազար 543-ը կանայք են։ Այս ցուցանիշը 2021 թվականի համեմատ նվազել է 1,4 տոկոսով»,-հայտնել է Մկրտչյանը։

 

Ընդ որում, 2022 թվականին աշխատանքի է տեղավորվել 10 հազար 362 մարդ, ինչը 2,4 տոկոսով ավելի է 2021 թվականի համանման ցուցանիշից։

Նախարարի խոսքով՝ այդ տվյալները գերատեսչությունը ստանում է միասնական սոցիալական ծառայության տեղեկությունների համադրման միջոցով։

Նա նաեւ նշել է, որ 2018 թվականին տվյալ ծառայության աջակցությամբ աշխատանքի է տեղավորվել 11 հազար 966 քաղաքացի, իսկ 2019 թվականին՝ 13 հազար 513:

 

Գերատեսչության տվյալներով՝ առաջիկա երեք տարիներին շինարարության, գյուղատնտեսության, առեւտրի, ՏՏ եւ բժշկական սպասարկման հետ կապված ոլորտները կշարունակեն պահանջված մնալ:

Քաղաքականություն