ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ղզիկին հլը նայի»․ լրագրողների քննարկումից հետո ՔՊ պատգամավորն ուզու՞մ է նրանց մուտքն ԱԺ արգելվի

«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ Ազգային ժողովի աշխատակազմը պետք է գնահատական տա այն լրագրողների պահվածքին, ում հավատարմագրել է կամ թողել, որ մտնեն խորհրդարանի շենք»: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: 

 

«Բանն այն է, որ երեկ ՔՊ-ական պատգամավորը սոցցանցի իր էջում ուղիղ եթերից կտրված մի հատված էր տեղադրել, որտեղ լրագրողներն ակտիվ քննարկում էին խորհրդարանի միջադեպը, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո իրավիճակը սրվել էր:

Եվ, ահա, տեսանյութից մի հատված տեղադրելուց հետո Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշել է. 

 

«Պետք է արժանի գնահատական ստանա նաեւ ԱԺ աշխատակազմի կողմից, ովքեր հավատարմագրել են ու թողել են, որ նա մտնի շենք»: Այսինքն՝ Արթուր Հովհաննիսյանը հիմա էլ ցանկանում է այնպես անել, որ որոշ լրագրողների մուտքը խորհրդարան արգելվի: Այն, որ այս իշխանությունները (որոնց թվում թերեւս ամենաշատն են նախկին լրագրողները) պայքարում են չորրորդ իշխանության ներկայացուցիչների դեմ, գաղտնիք չէ»:

 

Հիշեցնենք՝ ՔՊ խմբակցության քարտուղարը Ֆեյսբուքի իր էջում գրել էր․ «Հետո կասեն՝ թե բա մենք անկախ լրագրող ենք, մյուսներն էլ կասեն՝ թե բա մենք հայրենասեր և խելոք պատգամավորներ ենք։ Այս միամիտները ուղիղ եթերի առաջ քննարկում են ընդդիմության հրահրած սադրանքը, թե ինչպես դաշնակ Գեղամ Մանուկյանին կրկին չհաջողվեց շուռ տալ երկաթ փնտրող սարքը, թե ինչպես չհաջողվեց կռիվ հրահրել դահլիճում»։

 

Մանրամասները`  տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ