
Ծաղկաձորի ճանապարհները քանդել են` տենդերը շահած ընկերության հետ դատվում են. «Հրապարակ»

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճանապարհների անմխիթար վիճակից վարորդների նյարդերն արդեն տեղի են տալիս: Արդեն 1 տարի իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ո՛չ սկիզբն է երեւում, ո՛չ էլ՝ ավարտը: Այս մասին գրում է «Հրապարակ օրաթերթ»-ը:
«Վարորդները փորձում են գոնե մեկ նորմալ փողոց գտնել, որ կարողանան վարել մեքենան՝ չկա: Այս իրավիճակից նեղվում են նաեւ քաղաք այցելած զբոսաշրջիկները: Քաղաքում անգամ ոտքով քայլելն է անհնար դարձել: Քաղաքային տրանսպորտը հաճախ այլ ճանապարհներով է երթեւեկում, ինչն անհարմարության պատճառ է դառնում բնակիչների համար, քանի որ նրանք ստիպված՝ կանգառից կանգառ են վազում: Բողոքում են նաեւ հյուրանոցների տնօրենները, քանի որ ճանապարհների պատճառով տաքսիները զբոսաշրջիկներին հյուրանոց չեն հասցնում, անգամ կրկնակի վճարի դեպքում:
Մի խոսքով, Ծաղկաձորում շունը տիրոջը չի ճանաչում: Ծաղկաձորի քաղաքապետը չի հստակեցնում` քանի ամիս հետո այդ աշխատանքները կավարտվեն»։
«Գործ են անում: Մենք չենք ավարտողը, դիմեք տարածքային կառավարման նախարարություն, այդ ճանապարհները մերը չեն, մենք պայմանագիր կապողը չենք, մրցույթ հայտարարողը մենք չենք, այդ ճանապարհները համայնքային չեն: Մհեր Մկրտչյան, Չարենցի, Կեչառեցու, Օլիմպիական եւ Սարալանջի փողոցները միջպետական ճանապարհներ են: Հիմա սպորտբազայինը սկսել են ասֆալտապատել»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է քաղաքապետ Նարեկ Հարությունյանը:
Հարցին՝ իսկ ինչո՞ւ է ասֆալտապատման աշխատանքը դանդաղում, Հարությունյանը պատասխանել է.
«Դանդաղ աշխատելու հարցը չէ, անցած տարի մրցույթ է եղել, որ պետք է ճանապարհներն ասֆալտապատեին: Տենդերը շահած ընկերության հետ խնդիր է եղել, պայմանագիր են լուծարել: Երկրորդ մրցույթն են հայտարարել, եղանակները բացվել են, հիմա աշխատանքներն արվում են»:
«Համայնքների ճանապարհների ասֆալտապատման մրցույթը շահած կազմակերպությունը՝ ռուսական «Գլավդորստրոյ» ԲԸ-ն, որը, ըստ Ծաղկաձորի քաղաքապետի, հրաժարվել է ծրագրից ու դիմել նախարարությանը՝ խզելու պայմանագիրը, Մոսկվայում գրանցված ընկերություն է, արդեն 1 տարի է՝ մասնակցում է տարածքային կառավարման նախարարության մրցույթներին, շահում, իսկ որոշ ժամանակ անց նախարարությունը լուծում է պայմանագրերն այդ ընկերության հետ, արդյունքում տուժում են համայնքները: Անցած տարի ընկերությունը դիմել էր դատարան, վիճարկել իր հետ կնքված պայմանագրերից մեկը լուծարելու նախարարության որոշումը։
Դատարանը մեկ ամիս առաջ մերժել է ընկերության հայցն ու անփոփոխ թողել նախարարության որոշումը։ Այս տարեսկզբից ընկերությունը նաեւ ընդգրկվել է շինարարների սեւ ցուցակում եւ երկու տարով զրկվել մրցույթներին մասնակցելու իրավունքից»։
«Գլավդորստրոյ» ընկերության շահերի ներկայացուցիչ Մհեր Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընկերությունը մասնակցել է Քաղաքաշինության կոմիտեի եւ տարածքային կառավարման նախարարության կազմակերպած մրցույթներին, մեծամասամբ մրցույթները շահել է, սակայն ինչ-ինչ պատճառներով հանել են մրցույթից:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: