Արդյո՞ք աղբավայրի այրումից առաջացած օդը վտանգավոր է. մասնագետը պատասխանում է

Հայտնել էինք, որ Auroranews-ը շարունակում է  ահազանգեր ստանալ, որ Երևանում տարօրինակ հոտ է տարածվել, քաղաքի վրա ծխի ամպ կա։ Ենթադրելով, որ խնդիրը Նուբարաշենի աղբավայրի տարածքում երեկ բռնկված հրդեհն է, կապ հաստատեցինք Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ։ 

Auroranews-ը այս ընթացքում օդի աղտոտվածության մոնիտորինգի, փոփոխությունների և օդում գտնվող աղտոտիչների վտնագավոր լինելու մասին խոսել է  Հիդրոօթերևութաբանության կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանի հետ: 

 

«Օդի աղտոտվածության մոնիտորինգը միշտ է արվում, անկախ նրանից հրդեհ կա թե ոչ: Հրդեհի հետևանքով մթնոլորտ արտանետված բոլոր աղտոտիչների մասով հնարավոր չէ իրականացնել մոնիտորինգ, որովհետև աղբավայրերի այրումից առաջացած աղտոտիչների քանակը շատ մեծ է` սկսած ծանր մետաղներից և այլն: Մեկ օրվա արդյունքներով օդի աղտոտվածությունը մեր դիտակայններում ազոտի երկօքսիդի, ծծմբի երկօքսիդի փոշու մասով չի ավելացել: Սակայն, բնականաբար, նշված  պարամետրերը մթնոլորտային օդում կլինեն` չեմ կարող ասել` ինչ չափի է աղտոտվածությունը»,- նշել է Շահնազարյանը:  

 

Auroranews-ի այն հարցին, արդյո՞ք այդ աղբավայրի այրումից առաջացած օդը վտանգավոր է մոտակա տարածքում ապրող մարդկանց համար, նա նշել է. 

 

«Աղբավայրի այրումը վտանգավոր է, այդ պատճառով աշխատանքներ են տարվում, ամեն ինչ անում են, որպեսզի այրումը կարողանան մարել»,-ասել  նա` հավելելով, որ աղբավայրը չպետք է այրվի: 

 

«Պատուհանները անվերջ  փակ պահել չեք կարող, քանի որ քամու միջոցով անընդհատ  տարածվելու է ծուխը: Մթնոլորտային օդում ծանր մասնիկները մոտիկ տարածություն են տեղափոխվելու, իսկ թեթևները` ավելի հեռու: Ավելի խոցելի են դառնում մոտիկ ապրող բնակիչները, քանի որ նրանք կրելու են այդ աղտոտվածությունը բոլոր աղտոտիչների մասով, բայց միևնույն է օդում աղտոտվածությունը կա»,- ընդգծել է Շահնազարյանը: 

 

 

 

 

 

Քաղաքականություն