Pernod Ricard-ը դադարեցրել է Ռուսաստան ալկոհոլի արտահանումը. «Արարատ» կոնյակը ևս այդ ցանկում է

Ֆրանսիական «Pernod Ricard» կոնցեռնը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ դադարեցնում է իրեն պատկանող ալկոհոլային մի քանի ապրանքանիշների, այն է՝ Ararat, Chivas Regal, Absolut և Jameson-ի արտադրանքների վաճառքը Ռուսաստանում։ 

 

Որպես հավելյալ տեղեկություն՝ «Pernod Ricard»-ը նաև նշել է, որ ապրիլի վերջից հայտնի այս ալկոհոլային խմիչքները չեն մատակարարվում ռուսական շուկային։ Ռուսական ու ուկրաինական մեծ լսարան ունեցող թելեգրամյան ալիքներն էլ ակտիվորեն տարածում են կոնցեռնի պաշտոնական հայտարարությունը։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ֆեյսբուքյան հարթակում անդրադառնալով այս տեղեկությանը, գրել է․ «Արարատ» կոնյակը հեռանում է Ռուսաստանից։ Ստացվում է, Երևանի «Արարատ» կոնյակի գործարանի արտադրանքը, որը մեծ պահանջարկ ունի Ռուսաստանում և որի արտադրանքի մեծ մասն արտահանվում էր ռուսական շուկա, կորցնում է այն»: 

 

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետն ասաց․ «Որպես ՀՀ քաղաքացիներ՝ մեզ համար մտահոգիչը «Արարատ» կոնյակի արտահանման դադարեցումն է դեպի Ռուսաստանի Դաշնություն, քանի որ դա կարող է ունենալ աղետալի հետևանքներ թե՛ գյուղատնտեսական և թե՛ սոցիալ-տնտեսական առումով։ Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ «Արարատ» կոնյակի գործարանը խաղողի ամենամեծ մթերողներից է Հայաստանի Հանրապետությունում, և եթե ռուսական շուկա չի մտնում, ապա որոշ ժամանակով մեր երկրում կտրուկ կրճատվելու են խաղողի մթերումները, մինչև նոր շուկաների հայտնաբերումը։ Իսկ դա բավական երկար ժամանակ կտևի։ Այդ ընթացքում սոցիալական մեծ հարված կհասցվի թե՛ խաղողագործներին և նրանց ընտանիքներին, և թե՛ հենց կոնյակի գործարանի աշխատակիցներին»։

 

Քաղաքականություն