Արցախի նախագահը տեղյակ է բանակցային որոշ մանրամասների․ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը պատասխանել է 168․am-ի հարցերին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների վերաբերյալ։
– Տիկին Ավանեսյան, Արցախն ի՞նչ սպասելիքներ ունի Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից։ ՀՀ իշխանությունների կողմից մշտապես քննարկվում է «Արցախում բնակվող հայության իրավունքների ու անվտանգության» վերաբերյալ հարցը, այս եզրույթն Արցախի համար ընդունելի՞ է։
– Արցախի Հանրապետության իշխանությունները հետևում են ՀՀ և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացներին: Կարծում եմ, խնդիրների կարգավորումն ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառման սկզբունքով և բանակցությունների միջոցով միշտ նախընտրելի է:
– Հայաստանի իշխանական վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բազմիցս հայտարարել է, որ Արցախի իշխանությունը, մասնավորապես՝ նախագահ Արայիկ Հարությունյանը, տեղյակ է բանակցությունների մանրամասնություններից։ Արցախի նախագահն արդյոք Նիկոլ Փաշինյանին ասե՞լ է, որ արցախահայության համար «Արցախում բնակվող հայության իրավունքների ու անվտանգության վերաբերյալ հարցը» եզրույթն ընդունելի չէ, ընդունելի է միայն ինքնորոշման իրավունքի իրացման հարցի առաջմղումը:
– Արցախի նախագահը տեղյակ է բանակցային որոշ մանրամասների և հնարավորություն ունի փոխանցելու իր և ժողովրդի մտահոգությունները, հայտնելու Արցախի Հանրապետության իշխանությունների տեսակետը, որի առանցքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և դրա միջազգային ճանաչման հարցն է, ինչպես նաև Արցախի Հանրապետության անվտանգության թեման:
– Տեղեկություններ ունե՞ք՝ Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված մաքսակետն ապամոնտաժելու ուղղությամբ բանակցություններ ընթանո՞ւմ են, այս պահին ի՞նչ արդյունքներ կան, միայն ռուսական կո՞ղմն է բանակցում Ադրբեջանի հետ։
– Միջազգայնորեն ընդունված Լաչինի/ Քաշաթաղի/ միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումն անընդունելի է: Արցախի Հանրապետության դիրքորոշումն արտահայտված է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ: Ադրբեջանական կողմի հետ տվյալ հարցով ՌԴ խաղաղապահների վարած բանակցություններն առայժմ արդյունք չեն տվել:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամ...
Գերմանիան ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Ուկրաինային
Բեռլինն ընթացիկ տարում ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Կիևի իշխանություններին ռազմական աջակցության համար։ Այս մասին ասվել է...
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն: Մայիսի 16-17-ը վարչապետը Ռեյկյավի...
Կիևի իշխանությունները ներգրավված են հայտնի ռուսների սպանությունների մեջ. ՄԱԿ- ից՝ Բուդանովի այս խոսքերի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ չի տեսել Ուկրաինայի ռազմական հետախուզությ...