
Թրամփը բողոքարկել է զրպարտության համար 5 միլիոն դոլար վճարելու դատարանի որոշումը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բողոքարկել է Նյու Յորքի դատարանի որոշումը, որի համաձայն՝ Թրամփը մեղավոր է ճանաչվել լրագրող Ժան Քերոլին բռնաբարելու փորձի մեջ և պարտավորեցրել վճարել 5 միլիոն դոլար, հայտնում է CNN-ը։
Թրամփի փաստաբանները հինգշաբթի բողոք են ներկայացրել ԱՄՆ երկրորդ շրջանային վերաքննիչ դատարան։
Դատարանը հերքել է լրագրողի այն պնդումները, թե Թրամփը բռնաբարել է իրեն 1996 թվականին, սակայն ընդունել է, որ ինքը պատասխանատու է ոտնձգությունների համար։ Սպիտակ տան նախկին ղեկավարին պարտավորեցրել են վճարել 2 միլիոն դոլար բռնության համար, իսկ 3 միլիոն դոլար՝ զրպարտության համար։
Թրամփը, ով ներկա չէր դատարանի դահլիճում, նախկինում ասել էր, որ երբեք չի բռնաբարել Քերոլին և նույնիսկ չի ճանաչել նրան:
Թրամփի փաստաբան Ջո Տակոպինան ավելի վաղ ասել էր, որ Քերոլը հորինել է ամբողջ պատմությունը, որ խթանի իր՝ 2019 թվականի ինքնակենսագրականի վաճառքը։ Հենց այս գրքում նա առաջին անգամ մեղադրել է Թրամփին բռնաբարության մեջ։ Լրագրողի խոսքով՝ նա նախկին նախագահին հանդիպել է Bergdorf Goodman խանութում, որտեղ նա սկսել է անհանգստացնել իրեն հանդերձարանում։
Դատավճռից հետո Թրամփը վստահեցրել է, որ երբեք չի հանդիպել Քերոլին։