![«Էս ընթացքում իրենք թալանով էին զբաղված, խրամատ փորելու ժամանակ չկար»․ Սամվել Բաբայան](https://auroranews.am/storage/img/base_image/old/2ef65a88313e3f55d5b46f7b5e4bc38a.webp)
«Էս ընթացքում իրենք թալանով էին զբաղված, խրամատ փորելու ժամանակ չկար»․ Սամվել Բաբայան
![«Էս ընթացքում իրենք թալանով էին զբաղված, խրամատ փորելու ժամանակ չկար»․ Սամվել Բաբայան](https://auroranews.am/storage/img/base_image/old/2ef65a88313e3f55d5b46f7b5e4bc38a.webp)
Արցախյան իշխանությունը որոշել է, որ պետական աշխատողները պետք է ներգրավվեն հանրօգուտ աշխատանքների, ինչպես, օրինակ, պետք է խրամատ փորեն։
ԱՀ ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյանը, որը Սամվել Բաբայանի թիմակիցն է, ֆեյսբուքյան էջում գրել էր, թե «պատահականորեն» աշխատանքների ակտիվ փուլը համընկել է Սամվել Բաբայանի աջակիցների կողմից մայիսի 15-ին անցկացվող հանրահավաքի օրվա հետ։
Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը MediaHub-ի հետ զրույցում նշել է, որ իրականում այդ հանրահավաքը ո՛չ արցախյան, ո՛չ հայաստանյան իշխանությունների և ընդդիմադիրների սրտով չէ։
«Էս ընթացքում իրենք թալանով էին զբաղված, խրամատ փորելու ժամանակ չկար, դրա համար որոշել են, որ մարդիկ պետական հիմնարկներից պիտի դուրս գան ու խրամատ փորեն, որպեսզի հանրահավաքին չմասնակցեն։ Այն գիտակից մասսան, որը պետք է հանրահավաքին մասնակցեր, այնքան խելոք է, որ որևէ սահմանափակում իրենց չի խանգարելու։ Մենք անելու ենք մեր հանրահավաքը և հասնելու ենք այն խնդիրների լուծմանը, որի ուղղությամբ էլ աշխատում ենք»,-ասել է նա։
Հարցին, թե կոնկրետ ո՞վ է խանգարում` նախագա՞հը, թե՞ պետնախարարը, վերջինս պատասխանեց՝ բոլորը։
«Տպավորություն է, որ բոլորն անգիտակից նույն ուղին են ընտրել։ Կործանված մարդիկ են, չեն հասկանում, թե ինչ են անում։ Բոլորն էլ գիտակցում են, թե ինչ կլինի, եթե ես ունենամ լծակներ իշխանության մակարդակով, խուսափում են, որովհետև գիտեն՝ իրենց արածի համար պատասխան են տալու»,-շեշտեց Բաբայանը։
Բաբայանի խոսքով՝ հանրահավաքը միանշանակ անցկացվելու է և օրը, ժամը չի փոխվելու։
«Այլընտրանք չկա, հանրությունն էլ է սա հասկանում, պետք է տեր կանգնենք Արցախին»։
Հարցին՝ Արցախում պաշտոնյաները ինչպե՞ս են տրամադրված և պատրա՞ստ են խրամատ փորելուն, Բաբայանն արձագանքել է․
«Չգիտեմ, թե ով ինչպես է տրամադրված, բայց չեմ կարծում, որ 21-րդ դարում խրամատ պետք է փորեն, ովքեր այդպես են մտածում, ես նրանց զինվորական չեմ համարում»։