
Դատարանը 9 միլիոն դրամի չափով արգելանք է կիրառել լրագրողի գույքի նկատմամբ․ «Հետք»

Երևանի քաղաքապետի տեղակալ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի միջնորդությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը համապարտության կարգով 9 մլն դրամի չափով արգելանք է դրել «168 ժամ» լրատվամիջոցի և լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի վրա: Սարգսյանն արգելանքի մասին տեղեկացել է պատահաբար, երբ երեկ չի կարողացել իր աշխատավարձային հաշվեհամարից վճարել կոմունալ ծախսերը:
«Հետքի» հետ զրույցում Դավիթ Սարգսյանը հաստատել է, որ 9 մլն դրամի չափով արգելանքը դրված է այն հաշվեհամարին, որից աշխատավարձ է ստանում:
Տիգրան Ավինյանը 2023թ. մարտի 31-ին հայցադիմում է ներկայացրել «168 ժամ» ՍՊԸ-ի և լրագրող Դավիթ Սարգսյանի դեմ: Լրագրողից և լրատվամիջոցից պահանջում է ներողություն խնդրել, հերքել պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները և վճարել դրամական փոխհատուցում 9 մլն դրամի չափով, որից 3 մլն-ը՝ վիրավորանքի, իսկ 6 մլն-ը՝ զրպարտության համար:
Այս գործը մակագրվել է դատավոր Էդուարդ Ամալյանին, որը Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախկին նախագահ Գրիգոր Ամալյանի որդին է: Նշենք, որ Գ. Ամալյանի պաշտոնավարման տարիներին եթերազրկվեց «Ա1+» լրատվամիջոցը:
Դատարանի մայիսի 2-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Նույն օրը բավարարվել է նաև Տիգրան Ավինյանի միջնորդությունը և հայցագնի չափով արգելանք դրվել Դավիթ Սարգսյանին և լրատվամիջոցին պատկանող գույքի վրա:
2023թ. փետրվարի 25-ին 168.am-ում և կայքի յութուբյան ալիքում հրապարակվել է լրագրող Դավիթ Սարգսյանի հեղինակային «Երկու երես» հաղորդաշարի հերթական թողարկումը: «Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը» վերնագրով տեսանյութը վերաբերել է Տիգրան Ավինյանին: Տեսանյութում լրագրողը ներկայացնում է Տիգրան Ավինյանի հարցազրույցներից հատվածներ, այլ հրապարակումներից տեղեկություններ փոխքաղաքապետի ու նրա ընտանիքի, ընկերների բիզնեսների, կապերի ու ունեցվածքի մասին:
Ավինյանը 2023թ. հայցադիմումներ է ներկայացրել երկու այլ լրատվամիջոցի դեմ՝ մարտի 16-ին՝ «Փաստինֆո» ՍՊԸ-ի, իսկ ապրիլի 13-ին՝ «Օրագիր Մեդիա» ՍՊԸ-ի դեմ:
Երևանի քաղաքապետի տեղակալը «Փաստինֆո»-ից պահանջում է հերքել պատիվն արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները և վճարել դրամական փոխհատուցում՝ 6 մլն դրամի չափով:
Այս գործով նույնպես միջնորդել են կիրառել հայցի ապահովման միջոց և արգելանք դնել լրատվամիջոցի գույքի վրա, սակայն դատավոր Երեմ Եսոյանը միջնորդությունը մերժել է:
«Օրագիր Մեդիա» ՍՊԸ-ից Տ. Ավինյանը նաւյնպես պահանջում է հերքել պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները և վճարել դրամական փոխհատուցում:
Այս գործը մակագրվել է դատավոր Մուրադ Հովակիմյանին: «Դատալեքս» տեղեկատվական պորտալում տեղեկություններ չկան հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ: Դատելով վճարած տուրքի չափից, կարող ենք ասել, որ դարձյալ պահանջում է 6 մլն դրամ փոխհատուցում: Սակայն հայտնի չէ՝ հայցի ապահովման միջոց կիրառվե՞լ է, թե ոչ:
Նշենք, որ պահանջած դրամական միջոցների չափը օրենքով նախատեսված առավելագույնն է:
2021թ., այն ժամանակ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարվեց: Սիմոնյանը պահանջում էր մինչև 10 մլն դրամի չափով փոխհատուցում սահմանել զրպարտության համար, 5 մլն դրամ՝ վիրավորանքի:
Սակայն, Ազգային ժողովն ավելի «համեստ» գտնվեց փոխհատուցման չափի հարցում: Վիրավորանքի համար, ընդունված փոփոխությամբ, փոխհատուցման շեմը մինչև մեկ միլիոն դրամից դարձավ մինչև 3 մլն դրամ, իսկ զրպարտության համար նախատեսված մինչև 2 մլն դրամը՝ մինչև 6 մլն դրամ:
Տիգրան Ավինյանի ներկայացուցիչ, փաստաբան Հարություն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր վստահորդի հետ քննարկման արդյունքում են միջնորդել կիրառել հայցի ապահովման միջոց: Հարությունյանի խոսքով՝ 9 մլն դրամի պահանջը վերաբերում է լրատվամիջոցին և լրագրողին, այսինքն՝ նրանցից յուրաքանչյուրից պահանջվում է 4.5 մլն դրամ:
Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ արդյոք հնարավոր չէր վեճը լուծել արտադատական կարգով։ Ի պատասխան՝ Հարությունյանը նշեց, որ լրատվամիջոցը ցանկացած պահի կարող է հերքում հրապարակել, հայցը կդառնա առարկայազուրկ, և այդ պայմաններում ինքը հետևողական կլինի, որ անհապաղ քայլեր ձեռնարկվեն հայցի ապահովման միջոցը վերացնելու ուղղությամբ:
«Չեմ բացառում, որ ինքներս էլ հանդես գանք այդ միջնորդությամբ, որ ապահովումը վերացվի, որպեսզի ժամանակային առումով ավելի արագ լինի»,-ասաց Հ. Հարությունյանը:
Փաստաբանը նշեց, որ հայցի ապահովման միջոց կիրառելու համար միջնորդել են գույքի վրա արգելանք դնել: Հարկադիր կատարման ծառայությունը, եթե անշարժ կամ շարժական գույք չի հայտնաբերում, ըստ էության արգելանք կիրառում է դրամական միջոցների վրա:
«Զուտ ենթադրում եմ, որ այլ գույք չի հայտնաբերվել, դրամական միջոցների վրա է արգելանք դրվել»,- նշեց փաստաբանը:
Մանրամասները՝ կայքում։