Ադրբեջանական կողմը զորք ու ծանր տեխնիկա է կուտակել սահմանին, թիրախում Սոթքի ոսկու հանքն է. Հակոբ Ավետյան
«Ադրբեջանական կողմը զորք ու ծանր տեխնիկա է կուտակել սահմանին, թիրախում Սոթքի ոսկու հանքն է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը՝ նշելով, որ ռազմական գործողություններն, ամենայն հավանականությամբ, այսօրվա սադրանքով չեն ավարտվելու, առաջիկայում նույնպես գործողություններ կլինեն։
Ավետյանը նշել է, որ այս պահի դրությամբ իրավիճակը Սոթքում համեմատաբար հանգիստ է, իսկ հայկական կողմի վիրավորների մասին ինքը տեղեկացել է տարածված պաշտոնական աղբյուրներից։ Թշնամու այսօրինակ սադրանքները, ըստ Ավետյանի, կարելի է կանխել միայն մեկ տարբերակով՝ պատասխան գործողությամբ։ Այսօր տեղի ունեցած ռազամական սադրանքի ընթացքում հայկական կողմը համարժեք պատասխան է տվել թշնամուն, ասել է Գեղամասար համայնքի նախկին ղեկավարը։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: