
Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը, արդարացվել է

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը, արդարացվել է։ Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված է։
Քիչ առաջ Կենտրոնի և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հրապարակել է որոշումը:
Հավելենք` 2022–ի մայիսի 17-ին Երևանի Կիևյան փողոցում ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի ժամանակ Իգոր Խաչատուրովը ձերբակալվել, ապա կալանավորվել է։
Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ( իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Խաչատուրովը ակցիայի մեկ այլ մասնակցի հետ խոչընդոտել է փողոցն ազատելու և անձանց բերման ենթարկելու՝ ոստիկանության տեսուչի գործողությունները, նրա նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրել` բռունցքով մի քանի անգամ հարվածով նշված աշխատակցի կրծքավանդակի և որովայնի հատվածներին։