Sputnik-ի և RT France-ի նորությունները հեռարձակող կայքերը կարգելափակեն Ֆրանսիայում

Ֆրանսիայի իշխանությունները «Թվային տարածքի անվտանգության մասին» նոր օրինագծի շրջանակներում կարգելափակեն պատժամիջոցների տակ գտնվող լրատվամիջոցների տեղեկատվությունը հեռարձակող կայքերը: Տեղեկությունը հայտնել է Ֆրանսիայի թվայնացման և հեռահաղորդակցության հարցերով նախարար-պատվիրակ Ժան Նոել Բարրոն` օրինակ բերելով Sputnik-ը և RT France-ը։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան

 

«Ժողովրդավարության պաշտպանությանն ուղղված միջոցառումների շրջանակներում մենք նաև արգելափակում կսահմանենք այն կայքերի համար, որոնք հեռարձակում են միջազգային պատժամիջոցների տակ հայտնված լրատվամիջոցների բովանդակությունը, այն պատժամիջոցների, որպիսիք ԵՄ-ն ընդունել է RT France-ի և Sputnik-ի դեմ։ Այդ միջոցառումը կլրացնի ժողովրդավարության թշնամիների քարոզչության դեմ պայքարի մեր զինանոցը»,- նախարարների խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում նշել է Բարրոն։

 

Բարրոյի խոսքով` հուլիսի սկզբին օրինագիծը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը:

 

2016 թվականի նոյեմբերին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որում խոսվում է ռուսական ԶԼՄ-ներին հակազդելու անհրաժեշտության մասին, ընդ որում` փաստաթղթում գլխավոր սպառնալիքներ են ճանաչվում Sputnik-ը և RT-ն:

 

 

Քաղաքականություն