Ճանապարհային քարտեզ կպատրաստենք. Լավրովը` ՌԴ-Իրան-Թուրքիա-Սիրիա արտգործնախարարների հանդիպմանը
Մոսկվան առաջարկել է ՌԴ-Իրան-Թուրքիա-Սիրիա քառակողմ ձևաչափի շրջանակում արտգործնախարարների հաջորդ հանդիպմանը Դամասկոսի և Անկարայի հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ նախապատրաստել: Այս մասին փոխանցում է Sputnik Արմենիան` հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Մեր այսօրվա շփման օպտիմալ արդյունքը կարող է լինել պայմանավորվածությունը` փորձագետներին հանձնարարել հաջորդ նախարարական հանդիպմանը նախապատրաստել թուրք-սիրիական կարգավորման ճանապարհային քարտեզի նախագիծը, որն այնուհետև կներկայացվի մեր պետությունների ղեկավարներին»,-ասել է Լավրովը՝ բացելով Մոսկվայում Սիրիայի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հետ հանդիպումը:
Ռուս նախարարը նշել է, որ այդ փաստաթղթում կան մի շարք սկզբունքներ, որոնք պաշտպանում են քառակողմ ձևաչափի բոլոր մասնակիցները։
«Նկատի ունեմ, նախևառաջ, հանդիպման մասնակից բոլոր երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անկախության ու միասնականության անփոփոխ հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին»,-պարզաբանել է Լավրովը:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ թուրք-սիրիական կարգավորման գործընթացի մեկնարկը դրական ազդեցություն է ունենում տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա։
«Թուրք-սիրիական կարգավորման գործընթացի մեկնարկը, որին մասնակցում են իր արդյունավետությունն ապացուցած Աստանայի ձևաչափի բոլոր երեք երաշխավոր երկրները, նկատելի դրական ազդեցություն է ունենում ոչ միայն Սիրիայի շուրջ իրավիճակի, այլև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ընդհանուր մթնոլորտի վրա»,-ասել է Լավրովը:
Նա կարևորել է քառակողմ հանդիպումը` ավելացնելով, որ երկրները հետևողականորեն գնացել են այդ արդյունքին։
Հիշեցնենք` այսօր Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը: