
Ի՞նչն է եղել Երևան–Դուբայ ինքնաթիռի` Շիրազում վայրէջք կատարելու պատճառը. ԶԼՄ

Դուբայի օդային երթևեկության կարգավարները թույլ չեն տվել «FlyOne Armenia» ընկերության օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
«Դեռևս լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցող հիմնավորմամբ՝ Դուբայի օդային երթևեկության կարգավարները թույլ չեն տվել ավիաընկերության օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք։ Օդանավի հրամանատարը որոշում է ընունել վայրէջք կատարել Շիրազի օդանավակայանում՝ մինչև խնդրի պարզաբանումը»,– ասել է Անանյանը։
Նրա խոսքով` կանգառի ժամանակ «FlyOne Armenia» ընկերության օդանավի անձնակազմը ուղևորներին ապահովվել է սննդով և արել հնարավորը` ապահովելու ուղևորների կապը հարազատների հետ։
Քանի որ «FlyOne Armenia»–ն դեռևս չի իրականացնում չվերթեր դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, օրն էլ ոչ աշխատանքային է եղել, չվերթի շարունակության փաստաթղթային աշխատանքները մի փոքր երկար են տևել։
Բոլոր թույլտվությունները թարմացնելուց ու ստանալուց հետո օդանավը շարունակել է թռիչքը և վայրէջք կատարել Դուբայի օդանավակայանում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևան-Դուբայ չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Շիրազում: