Պենտագոնը փորձում է կազմակերպել ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը․ Bloomberg

Պենտագոնը ջանքեր է գործադրում կազմակերպելու ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և վերջինիս չինացի գործընկեր Լի Շանգֆուի հանդիպումը՝ օգտագործելով հունիսի սկզբին Սինգապուրում «Շանգրի-Լա երկխոսությանը» երկու նախարարների համատեղ մասնակցությունը, հայտնում է Bloomberg-ը։ 

Սա արտացոլում է նախագահ Ջո Բայդենի վարչակազմի շահագրգռվածությունը երկու երկրների միջև ռազմական շփումների վերսկսման հարցում, որոնք ընդհատվել էին այն բանից հետո, երբ 2023 թվականի փետրվարին ԱՄՆ-ն իր տարածքում խոցեց չինական օդապարիկը ։ Դրանից հետո Չինաստանը մերժել է Օսթինի և ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ Մարկ Միլիի մի քանի փորձերը՝ հեռախոսով կապ հաստատել չինացի գործընկերների հետ, հիշեցնում է գործակալությունը։ 

Երկու երկրների միջև հարաբերությունների հետագա սառեցումը հաջորդեց Միացյալ Նահանգներում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Քևին Մաքքարթիի՝ Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինգ Վենի հետ հանդիպմանը: 

Սա, կարծում է գործակալությունը, նաև պատճառներից մեկն է, որ «Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի երկար սպասված հեռախոսազրույցը դեռ չի կայացել»։ 

Bloomberg-ը նաև ուշադրություն է հրավիրում այն ​​փաստի վրա, որ Լի Շանգֆուն գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ, քանի որ այն ժամանակաշրջանում, երբ նա ղեկավարում էր Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի ուսուցման և մատակարարման բաժինը, Չինաստանը Ռուսաստանից գնել է Սու-35 ինքնաթիռներ և Ս-400 զենիթահրթիռային համակարգերի սարքավորումներ։


Այս կապակցությամբ «ցանկացած հանդիպում երկու կողմերի համար էլ անհարմար կլիներ», գրում է գործակալությունը։

Քաղաքականություն