
Ուսման վարձի փոխհատուցում 44-օրյայի մասնակիցների, նրանց երեխաների և ամուսինների համար

2021-22թթ–ին 8931 ուսանող շուրջ 2 մլրդ դրամ ուսման վարձի փոխհատուցում է ստացել պետության կողմից:
Պետությունը շարունակում է փոխհատուցել 2020 թվականի 44–օրյա պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից ուսանողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց երեխաների ու ամուսինների ուսման վարձերը։
Փոխհատուցման հերթական փուլի որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։ Ներկայացված նախագծի համաձայն՝ 2022 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2023 թվականի մարտի 30-ն ընկած ժամակահատվածում ԿԳՄՍ նախարարությունում բուհերի կողմից ներկայացվել են 59 ուսանողի տվյալներ, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է 16 344 800 դրամ։
Քանի որ կան պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողներ և պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաներ, որոնք զորացրվել են 2022 թվականի ամռանն ու 2022-2023 ուսումնական տարվա առաջին կիսամյակից շարունակել ուսումը, հավաքագրման աշխատանքները դեռևս շարունակվում են։
Նշենք, որ փոխհատուցումը գործում է 2021թ–ից, և ամեն տարի որոշման ժամկետը երկարացվում է։
Այսպիսով, 2021 թվականին ուսման վարձի փոխհատուցում ստացել է բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 7318 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 1,6 մլրդ դրամ։ Իսկ 2022 թվականին փոխհատուցում է ստացել 1613 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարը կազմել է 382 մլն դրամ: