ՀՀ-ն երկրորդ արբանյակը տիեզերք ուղարկելու ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում

Հայաստանն աշխատանքներ է իրականացնում՝ տիեզերք երկրորդ արբանյակն ուղարկելու ուղղությամբ: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

Ըստ նրա՝ երկրորդ արբանյակի ուղղությամբ աշխատանքները նախնական փուլում են: 

 

«Դեռ շուկայի ուսումնասիրություն ենք իրականացնում, գնահատում ենք մեր հնարավորությունները, առաջարկները: Չեմ կարծում, որ 2023 թ. ընթացքում մենք երկրորդը կունենանք, բայց ամեն դեպքում աշխատանքներն իրականացվում են»,-նշել է Խաչատրյանը:

 

Նախարարը նշել է, որ  առանձին արբանյակից ստացվող նկարներն ինֆորմացիայի աղբյուր են: Դրանք կարելի է օգտագործել շատ ոլորտներում: Ըստ նախարարի՝ կիրառության ոլորտներն անսահմանափակ են:

 

«Դրանց մենք պետք է նայենք որպես ինֆորմացիայի աղբյուր և փորձենք կիրառության շրջանակը հնարավորինս լայնացնել»,-ասել է Խաչատրյանը՝ չբացառելով, որ դրանք օգտակար կարող են լինել նաև ռազմական նպատակներով:

 

 

Քաղաքականություն