Բելգրադում սպանություն կատարած դպրոցականը մեկ ամիս առաջ պլանավորել էր` ում պետք է թիրախավորեր

Բելգրադի դպրոցներից մեկում մայիսի 3-ին հրաձգություն իրականացրած 13-ամյա տղան սպանությունները պլանավորել է մի քանի շաբաթ և ունեցել է «սպանությունների ցանկ»:  Տեղեկությունը փոխանցում է  BBC-ն:

 

Նշվում է, որ ձերբակալվել են նաև տղայի հայրն ու մայրը: Հարձակման դրդապատճառները հայտնի չեն:

 

Հիշեցնենք, որ  հրաձգության հետևանքով սպանվել է 8 աշակերտ, ինչպես նաև դպրոցի անվտանգության աշխատակիցը: Եվս 6 աշակերտ և ուսուցչուհին վիրավորվել են: Վիրավորներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է:

 

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ տղային ուղարկելու են հոգեբուժական հիվանդանոց: Համաձայն Սերբիայում գործող օրենքների՝ նրան չեն կարող քրեական պատասխանատվության ենթարկել, քանի որ նրա 14 տարին չի լրացել: Վուչիչը հնարավոր է համարել, որ այս սպանություններից հետո քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքը կարող է իջեցվել մինչև 12-ի:

 

Ըստ ստացված տեղեկությունների՝ տղան հարձակումը պլանավորել է մեկ ամիս առաջ և իր մոտ ունեցել է երեխաների «առաջնահերթությունների ցուցակ», որոնց պետք է առաջինը թիրախավորեր, ինչպես նաև դասասենյակների ցուցակ, ուր պետք է առաջինը մտներ:

 

Զոհերի և տուժածների մեծ մասը ծնված են 2009 թ.-ին, այսինքն՝ հարձակման պահին 13 կամ 14 տարեկան են եղել:

 

Նշել էինք, որ մայիսի 5-ից Սերբիայում եռօրյա սուգ է հայտարարվել:

Քաղաքականություն