Ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերի համար անձը կպատժվի 3 տարով
Հայաստանում ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի գործողությունները, ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները, հրապարակային կոչերը քրեորեն կպատժվեն։ Այսօր Ազգային ժողովն օրինագիծն ընդունել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։
Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի, ինչպես նաև սահմանափակող գործողություն կատարողները կպատժվեն 10-15 տարով, իսկ հրապարակային կոչեր հնչեցնելու պարագայում` վարչական տուգանքից մինչև 3 տարի ազատազրկմամբ։
Եթե բռնություն պարունակող կամ բռնի գործողությունների կոչեր արվեն հրապարակայնորեն, լրատվամիջոցներով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, ապա պատիժը կարող է լինել 2-5 տարի։
Օրինակ` հրապարակայնորեն հնչեցրած կարծիքը, որ պետք է հրաժարվել ինքնիշխանությունից, քանի որ դա մեզ պետք չէ, և միանալ X երկրին, քրեորեն պատժելի արարք չէ, բայց եթե կոչ է արվում շրջապատել պետական կառույցներից մեկը, պատանդ վերցնել քաղծառայողներին և ստիպել նրանց ինքնիշխանությունից լրիվ կամ մասնակի հրաժարվելուն ուղղված գործողություններ անել, դա կդիտվի որպես քրեական հանցագործություն։
Գործող քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվություն էր սահմանում միայն սահմանադրական կարգը տապալելու և բռնության դրդելու համար։