««Սարսափելի»-ն ուղղակի շատ մեղմ բառ ա էս մարդու վիճակը նկարագրելու համար»․ օգտատեր

 

Սա՞ է այն ծերությունը, որը նախատեսում ենք մեր թոշակառուների համար։ Թեման ակտուալ դարձավ, երբ ֆեյսբուքյան օգտատեր Անահիտ Նաղդալյանն իր էջում գրեց․ 

 

«Ժողովուրդ ջան, մաքսիմալ աղմուկ պիտի բարձրացնեմ։ Էս մարդը ինձնից ճանապարհ հարցրեց 2 օր առաջ, պարզվեց, որ կույր է, 1-ին կարգի հաշմանդամ, մասնագիտությամբ՝ ագրոնոմ։ Մարդիկ ուղղակի անցնում են ու չեն արձագանքում, ժամերով բղավում է՝ հարցնելով որտեղ է ու ոնց հասնի տեղ, 08:30 տնից դուրս է եկել, ես հանդիպել եմ նրան 18:00-ին, այդքան ժամ չէր կարողանում խանութի և տան տեղը գտնել, ձեռնափայտ չունի։

 

2 ժամ տևեց իրան խանութ ու տուն տանելը, «սարսափելի»-ն ուղղակի շատ մեղմ բառ ա էս մարդու վիճակը նկարագրելու համար․ սոված, չքնած, անձրևներից թրջված։ 2 տարի է կույր է, ծեծել են փողոցում, գումարը խլել են, դրանից հետո է կուրացել։ Որոշ մարդիկ փորձել են «օգնել»՝ իր փոխարեն գնումներ կատարել, գումարը խաբել են, քիչ են տվել։ Դրա համար ամեն ինչ մենակ է անում։

 

Հաջորդ օրը գնացի կույրերի միավորում, տեղ չունեին, ուտելիք գնեցի տարա իր տուն, բացող չկար, հարևաններից իմացա, որ երեկ ընկել էր շենքի դիմաց, շտապօգնություն էին կանչել, երեկոյան էլի գնացի մոտը բացող չկար։ Ես  նրան գտնելու օրը դիմել եմ թաղայինին՝ ոչ մի նորություն։

 

Ինձ ասաց, որ ծերանոցներում տեղ չկա, լավ մի՞թե չկա մի կառույց, որը կզբաղվի նման մարդու խնամքով, որը նրան տեղ կտա։ Զանգահարել եմ վճարովի ծերանոցներ՝ տեղ չունեն, բարեգործական կազմակերպություններ, որոնք ասացին, որ այդ հարցով չեն զբաղվում։ Ուզում եմ այս հարցը մաքսիմում արագ լուծվի, որովհետև ժամանակը գնում է, պետական հիմնարկից խնամող են ուղարկել, հրաժարվել է խնամել, որովհետև ջուր չունի, տունն աղբանոց է։ Լավ ինչքա՞ն էսպես»,- գրել է ֆեյսբուքյան օգտատերը։

 

Auroranews-ը կապ հաստատեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանի հետ, որպեսզի տեղեկանա, թե ի՞նչ վիճակում է քաղաքացին, որևէ ձևով կարողացա՞ն նրան օգնել, թե՞ ոչ։ Մեզ հետ զրույցում Մանուչարյանն ասաց․ 

 

«Քաղաքացուն նույնականացրել ենք, այս պահին կարիքների գնահատում է իրականացվել, որ հասկանաք՝ պետական, որ կառույցն օգնություն կտրամադրի։ Այժմ փաստաթղթերի հավաքագրման փուլում ենք»։ 

 

Հարցին, թե՞ պետության կողմից ինչ օգնություն կտրամադրվի, նշեց, որ այս տարիքի, իրավիճակում հայտնված քաղաքացիներին օգնելու համար մի քանի ծառայություն կա․ «Տնային պայմաններում խնամքի ծառայություն, այսինքն՝ իրեն այցելեն ու տան պայմաններում կենցաղային, բժշկակական ծառայությունների, տունը մաքրելու և այլ կենցաղային հարցերում օգնություն իրականացվի, որն իրականացվում է պետական աջակցությամբ։ Կա ևս մեկ տարբերակ՝ քաղաքացուն տեղափոխել տուն-ինտերնատ։ Հիմա, երբ բոլոր փաստաթղթերը հավաքվեն ու կարիքը լիարժեք գնահատվի, ըստ կարիքի կհասկանաք իր համար որ տարբերակն ավելի լավ կլինի»,- եզրափակեց Մանուչարյանը։ 

 

Քաղաքականություն