
Մայր աթոռը` Ադրբեջանի կողմից հայ հոգևորականների Դադիվանքը լքելու պահանջի մասին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից արձագանքել են ադրբեջանական իշխանությունների կողմից հայ հոգևորականներին ուղղված պահանջին՝ լքելու Դադիվանքը։
«Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը՝ շնորհիվ ռուս խաղաղապահների երախտարժան առաքելության, որով ապահովվում է վանքի անվտանգությունը։ Ինչ վերաբերում է Դադիվանքի՝ աղվանական լինելու կեղծ պնդումներին, ապա պատմական անհերքելի փաստ է, որ վանքն ի սկզբանե եղել է հայկական և որևէ առնչություն չի ունեցել Աղվանից եկեղեցու հետ, առավել ևս՝ այսօրվա նորահայտ աղվանա-ուդիական կրոնական համայնքի հետ»,- Radar Armenia-ին հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի իշխանությունները պահանջում են հայ վանականներից՝ լքել Դադիվանքը․ նման կոչով հանդես է եկել Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։