
Արամ Նիկոլյանը` Արայիկ Հարությունյանի փողը չփոխանցելու հրահանգի լուրերի մասին. ԶԼՄ

Դիզայներ Արամ Նիկոլյանը չի ցանկանում մեկնաբանել տեղեկությունները, թե վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որպես պատիժ, հրահանգել է չփոխանցել պայմանագրով հաստատված գումարը։ Այս մասին գրում է Aysor.am-ը:
Լրատվամիջոցի հետ զրույցում Արամ Նիկոլյանն ասել է, որ այդ թեմայով, առհասարակ, հարցազրույց չի տալիս։
«Կխոսեմ, բայց ոչ այս պահին: Կխոսեմ, երբ ճիշտ ժամանակը կլինի», - ասել է Նիկոլյանը։
Հարցին՝ արդյոք ստացե՞լ է իր կատարած աշխատանքի դիմաց վարձատրությունը, Նիկոլյանը միայն ավելացրել է, որ չի մեկնաբանում և անջատել է հեռախոսը:
Հիշեցնենք՝ ապրիլի 14-ին՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ, դիզայներ Արամ Նիկոլյանն այրել էր Ադրբեջանի դրոշը։
Այսօր Oragir.News-ը հայտնել էր, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որպեսզի ադրբեջանական դրոշը այրելու համար Արամ Նիկոլյանին պատժի, հրահանգել է դիզայների փողը չփոխանցել։