ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Սուդան է ուղարկել հումանիտար հարցերով իր տեղակալին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Սուդան է ուղարկել հումանիտար հարցերով իր տեղակալ Մարտին Գրիֆիթսին։ Այս մասին ապրիլի 30-ին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

 

«Սուդանում արագորեն վատթարացող հումանիտար ճգնաժամի լույսի ներքո, գլխավոր քարտուղարը շտապ օգնության համակարգող և մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսին անհապաղ ուղարկում է տարածաշրջան», – ասել է Դյուժարիկը:

Նա նշել է, որ տեղի ունեցողի մասշտաբներն ու արագությունը աննախադեպ են Սուդանի համար։ ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Սուդանի և ամբողջ տարածաշրջանի բոլոր բնակիչների համար երկարաժամկետ հետևանքների վերաբերյալ:

 

Դյուժարիկը ասել է, որ ՄԱԿ-ը կոչ է անում հակամարտող բոլոր կողմերին պաշտպանել խաղաղ բնակիչներին և ենթակառուցվածքները, ապահովել մարտերից փախչող խաղաղ բնակիչների անվտանգ անցում, պաշտպանել մարդասիրական անձնակազմն ու ունեցվածքը և նպաստել օգնության գործողություններին:

 

Սուդանի Խարտում նահանգի նախօրեին անվտանգության նկատառումներից ելնելով անժամկետ արձակուրդ է հայտարարել։ Հանգստյան օրերը կտևեն մինչև իշխանությունների հատուկ հրամանը և չի վերաբերի միայն ճգնաժամային կառավարման ծառայություններին և քաղաքային տնտեսության կենսական ոլորտներին։

 

Իրավիճակը Սուդանում սրվեց ապրիլի կեսերին ինքնիշխան խորհուրդը (հանրապետության կառավարող մարմինը) գլխավորող Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի և նրա տեղակալ Մուհամեդ Դագլոյի միջև տարաձայնությունների պատճառով։ Ապրիլի 15-ի առավոտյան Մերոե քաղաքի ռազմաբազայի մոտ և մայրաքաղաք Խարտումում բախումներ են սկսվել բանակի և հատուկ ջոկատայինների միջև։

 

Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված վերջին զինադադարն ավարտվել է ապրիլի 27-ի կեսգիշերին։ Հակամարտության կողմերը ապրիլի 25-ի գիշերը պայմանավորվել են մարդասիրական դադարի մասին, սակայն դրանից հետո էլ բախումները չեն դադարել։

Ապրիլի 27-ին Սուդանի բանակը համաձայնել է երկարաձգել զինադադարը 72 ժամով։ Զինվորականները հույս են հայտնել, որ իրենց հակառակորդները չեն խախտի ռեժիմը, «ինչպես եղել է նախկինում»։