Ի՞նչ կտա Հայաստանին Թուրքիայի հետ սահմանի բացումը. ԶԼՄ

Հայաստանում մոտավորապես հաշվարկել են հայ-թուրքական սահմանի բացումից ստացվող նախնական օգուտը։ Այսպես, «Մարգարա» անցակետով դեպի Թուրքիա ուղիղ բեռնափոխադրումների գործարկումը կկրճատի ապրանքների ճանապարհին գտնվելու ժամանակը, վառելիքի ծախսերը և կավելացնի արտահանման ծավալները։ Ավելին, հայկական փոխադրողները ստիպված չեն լինի տարանցիկ փոխադրման համար վճարել երրորդ երկրներին։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ գրավոր հարցմանն ի պատասխան։


Լրատվամիջոցը գրում է, որ ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև բեռնափոխադրումներն իրականացվում են հիմնականում Վրաստանի տարածքով։ 2022 թվականի արդյունքներով՝ Թուրքիան օդային ճանապարհով Հայաստան է ներմուծել 3,1 տոննա բեռ, իսկ բեռնատարներով` Վրաստանի տարածքով՝ 24903,8 տոննա։ Այսպիսով, Թուրքիայից Հայաստան արտահանման ծավալի առյուծի բաժինը ՝ 99,9%-ը, ցամաքային երթուղով է իրականացվում (Վրաստանի տարածքով), և միայն 0,01%-ն է առաքվում օդային ճանապարհով։

 

Սահմանի բացման դեպքում Հայաստանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումները կարող են իրականացվել երեք ուղղություններով` Ախուրիկով (Շիրակի մարզ), Մարգարայով (Արմավիրի մարզ) և Հուշակերտով (Արմավիրի մարզ): Այս պահին հայտնի չէ, թե երեք ճանապարհներից որն է գործարկվելու, պարզ կլինի կոնկրետ ուղիները հստակեցնելուց և սահմանը պաշտոնապես բացելուց հետո:

 

Ընդ որում` սահմանի բացումից ստացվող հնարավոր օգուտի վերջնական հաշվարկ նույնպես չկան, քանի որ այդ ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում են։

 

Նախարարությունը հաշվարկել է, որ նոր երթուղով ապրանքների տեղափոխման դեպքում 40 տոննա կշռող բեռնատարը (տրանսպորտային միջոցի քաշը + բեռի քաշը՝ խմբ) մոտ երեք ժամ պակաս կմնա ճանապարհին և կխնայի 75 լիտր վառելիք։

Բացի այդ, փոխադրումներ իրականացնող ընկերությունները ստիպված չեն լինի տարանցիկ փոխադրման համար վճարել երրորդ երկրներին, տվյալ դեպքում՝ Վրաստանին։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Քաղաքականություն