Ադրբեջանցիներն ասացին՝ գնա ու էլ չգաս. բնակիչը պատմում է Լաչինի անցակետից մանրամասներ

«Երեկ ենք անցել էդ ապօրինի անցակետով, դե ոնց պիտի լինի, ինչ էլ լինի` թուրքին նայելուց զգում ենք, որ թուրք ա»: 24News-ի հետ զրույցում ասել է Մեծ Շենի բնակիչ Գեղամ Հարությունյանը, ով ստիպված է եղել երեկ անցնել ադրբեջանական անցակետով, որ կարողանա հասնել գյուղ:

 

«Նկարեցին մեզ, անձնագրերը ստուգեցին, ասեցին, գնա,՛ է՛լ չգաս»,- պատմում է բնակիչը: «Բեռնախցիկը բացեցին, նայեցին, ինձ կոնկրետ 2 հոգի էին ստուգում, ռուսերեն էին խոսում: Բայց ընդհանուր իրենք էնտեղ շատ էին:

Էդ պահին մտածում էին անձնագրի մեջ իբր սահմանն անցնելու կնիք խփե՞ն, թե՞ չէ: Ես էլ ասեցի, որպես ի՞նչ եք խփում: Ի վերջո չխփեցին»,- պատմել է Գեղամ Հարությունյանը:

 

Հիշեցնենք, որ Արցախի պետնախարարը տեղեկացրել էր, որ ԱՀ քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը:

 

«Անցակետի տեղադրման պատճառով Գորիսում մնացած հայրենակիցների հետ իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակետում նրանք հանդիպել են ադրբեջանցիների: Վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը», - ասված է Արցախի պետնախարարի գրառման մեջ։

 

Նշենք, որ ադրբեջանցիներն ապրիլի 23-ին փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, ապա անցակետ են տեղադրել, որը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնություններով նախատեսված չէ։

Քաղաքականություն