Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4-րդ դպրոցում ռումբի ահազանգի հետ կապված ստուգում չի իրականացվել. Նարինե Հովսեփյան

Դպրոցն ահազանգ է ստացել, որ ռումբ է տեղադրված, ոչ մի կառույց չի եկել, անվտանգության մասին եզրակացություն չի գրել։ Այս մասին ահազանգում է ֆեյսբուքյան օգտատեր Նարինե Հովսեփյանը. «Մենք արդյո՞ք ունենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ԱԻՆ, Ոստիկանություն, Երևանի Քաղաքապետարան, ԱԱԾ։ Դպրոցն ահազանգ է ստանում, որ ռումբ է տեղադրված, ոչ մի կառույց չի եկել, անվտանգության մասին եզրակացություն չի գրել...»: 

Auroranews-ի հետ զրույցում ծնողական խորհրդի նախագահ Նարինե Հովսեփյանը նշեց, որ խոսքը Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցի մասին է․ «Մեր տնօրենը պաշտոնական գրություն է պահանջել, որ կարողանա դասերը վերսկսել։ Ոչ մեկ չեկավ, չստուգեց, մեկը ոստիկանությունից եկել է, ասում է՝ սուտ է, մտեք դպրոց։ Ասում եմ՝ ի՞նչ իմացաք, ասում է՝ ԱԱԾ - ից են ասել»: 

Նարինեի հարցադրմանը՝ որտեղի՞ց իմացան, որ սուտ է, եթե որևէ ստուգում չի իրականացրել, ոստիկանության աշխատակիցը պատասխանել է, թե իր խոսքն հերիք չէ՞։ 

Կատարվածի առթիվ ՆԳՆ մամուլի ծառայությունից Auroranews - ին ասացին, որ ահազանգը կեղծ է եղել և այլ ինֆորմացիա չեն կարող հաղորդել: 

Հիշեցնենք, որ Երեւանի գրեթե բոլոր դպրոցներում ռումբի տեղադրման մասին ահազանգը հերքվել է:

Քաղաքականություն