Աստված չանի մեկը հիվանդանա․ Եղցահողի գյուղապետը պատմում է՝ կենսական է դեղորայքի հարցը

Կոռնիձոր-Արցախ հատվածում երկու օր առաջ ադրբեջանցիների կողմից հսկիչ անցագրային կետ տեղադրելուց հետո Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն եւ Լիսագոր համայնքների բնակիչները փաստացի հայտնվեցին լիակատար շրջափակման մեջ: Այսպիսով ադրբեջանցիները փակեցին այս գյուղի բնակիչների եւ՛ Ստեփանակերտ, եւ՛ Հայաստանի Հանրապետություն տանող ճանապարհները։ 

 

«Ադրբեջանական հենակետից տեղ-տեղ 500-600 մետր հեռավորության վրա գտնվող Եղցահող գյուղում Աստված չանի մեկը հիվանդանա, այս պահին կենսական է դեղորայքի հարցը»,- MediaHub-ի հետ զրույցում ասել է Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։

 

Բերձորը հանձնելուց հետո Եղցահողը հայտնվեց թշնամու զորքի ուղիղ նշանառության տակ։ Հակոբյանը նկատել է՝ հիմա ո՞վ շրջափակման մեջ չէ, հիմա ո՞վ է անվտանգ։

 

«Գրունտային ճանապարհն արդեն մեկ ամիս է փակ է։ Հայաստանի հետ էր մեր կապը, դա էլ փակեցին։ Սնունդի մասով դեռ խնդիր չունենք, պահուստային ֆոնդից դեռ օգտվում ենք։ Աստված չանի՝ մեկը հիվանդանա, դեղորայքի խնդիր կլինի։ Եթե նման իրավիճակ լինի, Արցախի պետնախարարն ասել է, որ դիմենք «Կարմիր խաչին» կամ՝ խաղաղապահներին, որ իրենց միջնորդությամբ այդ հարցը լուծվի»,- ասել է Հակոբյանը։ 

 

 

Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ հերթական անգամ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, Շուշի-Լիսագոր հատվածում ադրբեջանցիները խախտեցին նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը եւ որոշակի դիրքային առաջխաղացում ապահովեցին Արցախի Հանրապետության տարածքում։ Լիսագոր, Եղցահող, Մեծ Շեն, Հին Շեն համայնքները փաստացի մայրաքաղաք Ստեփանակերտից կտրվեցին նաեւ լեռնային, գրունտային ճանապարով։ Գրունտային ճանապարհից բացի մեկ էլ Ստեփանակերտ գնում էին Բերձորի ճանապարհով, որը նույնպես ադրբեջանական կողմը ապօրինաբար արդեն 150 օրից ավելի է փակ է պահում։

 

Քաղաքականություն