
Սուդանի ռազմական զարգացումների հետևանքով հայեր չեն տուժել. ՀՀ ԱԳՆ

Սուդանի մայրաքաղաք Խարթումում զարգացումների հետևանքով հայեր չեն տուժել։ Այս տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը` հավելելով, որ հայկական եկեղեցին նույնպես չի վնասվել։
ՀՀ ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը մշտապես կապի մեջ է Սուդանում բնակվող փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սուդանում աշխատող մի քանի ՀՀ քաղաքացիների կյանքին նույնպես վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք` ապրիլի 15-ին Սուդանում մարտեր են սկսվել արագ արձագանքման ուժերի (ԱԱՈւ) և կանոնավոր բանակի միջև։ Առաջինները հայտարարել են, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել Հանրապետության պալատը (նախագահական պալատը) Խարթումում, մայրաքաղաքի միջազգային օդանավակայանը, ինչպես նաև Մերոեի օդային բազան: Արագ արձագանքման ուժերը կանոնավոր բանակին մեղադրում են իրենց` մայրաքաղաքում գտնվող բազայի վրա հարձակվելու համար՝ բոլոր տեսակի զենքերի օգտագործմամբ:
Սուդանի բժիշկների կենտրոնական կոմիտեն հայտնել է, որ ապրիլի 13-ից ի վեր Սուդանում տեղի ունեցած բախումների ընթացքում մահացել է 97 մարդ, վիրավորվել՝ 942-ը: