Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը
Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը։ Այս մասին գրում է Reuters-ը։
Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆինլանդիայի իր գործընկեր Սաուլի Նիինիստոյի հետ բանակցություններից հետո հայտնել էր, որ Թուրքիան պատրաստ է սկսել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման գործընթացը:
«Ֆինլանդիան կոնկրետ քայլեր է ձեռնարկել հուշագրի պայմանները կատարելու համար, որոնք անհրաժեշտ են դաշինքին միանալու համար: Մենք պատրաստ ենք և որոշել ենք սկսել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վավերացման գործընթացը: Համոզված ենք, որ Ֆինլանդիան ակտիվ դեր կխաղա դաշինքի անվտանգությունը ապահովելու գործում»,- ընդգծել էր Թուրքիայի ղեկավարը։
Հայտնի է նաև, որ Անկարան կարող է դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման քվեարկություն անցկացնել մինչև մայիսի 14-ը (համապետական ընտրություններից առաջ)։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ երկրի՝ դաշինք մտնելու հարցը կլուծվի մինչ այդ օրը։ Ինչ վերաբերում է Շվեդիային, ապա նրա անդամակցությունը կախված կլինի Ստոկհոլմի քայլերից, հավելել է նա։