
Ովքեր և ինչպես են որոշել Երևանում «փոխարինել» ծառերը. ցանկ է հրապարակվել

Մարտի 23-ին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտարարեց «ծերացած, ֆունկցիոնալության ավարտին մոտ ծառերը կենսունակ, գեղազարդ ծառերով փոխարինելու աշխատանքների» մեկնարկի մասին։ Աշխատանքները մեկնարկել են Կասկադից, և այնտեղ հաստաբուն ծառերի հատումը քաղաքացիների շրջանում բողոքի ալիք բարձրացրեց։ Որովհետեւ «ծառերի փոխարինում» ասվածն ավելի նման էր «սպանդի»: Հայտարարվեց, որ Կասկադում հատված ծառերի փոխարեն տնկելու է սակուրա տեսակի ծառեր։
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հրապարակել է 2023թ. փետրվարի 23-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գիտական աշխատաժողովի արձանագրությունը։
Փաստաթղթից տեղեկանում ենք, որ օրակարգով քննարկվել է երկու կարևոր խնդիր՝ (1) Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր և գեղազարդ ծառերով և (2) ինվազիվ ծառերի հեռացում։
Մասնակիցները արձանագրել են
Երևան քաղաքի կանաչապատման վիճակը բավարար չէ քաղաքային կանաչ տարածքների առողջացման և հետագա զարգացման համար ներկայացվող ժամանակակից չափանիշներին։
Երևանի կանաչ տնկարկները չեն կատարում էկոհամակարգային բավարար ծառայությունները։
Դեֆորմացված և/կամ կենսունակության ավարտին մոտ գտնվող ծառատեսակները կորցրել են ֆունկցիոնալ նշանակությունը։
Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները շատ դեպքերում ապահովում են քանակային ներկայություն՝ չիրականացնելով ֆունկցիոնալ նպատակներ։
Գիտական աշխատաժողովի արդյունքում որոշվել է
աստիճանաբար իրականացնել ամբողջությամբ դեֆորմացված և կենսունակության ավարտին մոտ գտնվող ծառատեսակների փոխարինումը նույն կամ առավել հիմնավորված ցեղատեսակի ծառերով։
իրականացնել ինվազիվ ծառատեսակների հերթականությամբ հեռացումը և/կամ դրանց փոխարինումը։
Մասնակիցներն իրենց որոշումն ամրագրել են ստորագրություններով.
Էկոլոգ Քրիստինա Վարդանյանն էլ արձագանքնելով այս ամենին ՖԲ գրել է.
«Պատկան իրավապահ մարմիններն իսկապես անելիք ունեն։ Խնդրում եմ կարդացեք այդքան շոշափված գիտաժողովի արձանագրությունը։
Ասվում է, որ այս արձանագրությունը ստորագրած մարդիկ փաստում են, որ փոխարինման ենթակա ծառերը պետք է փոխարինվեն ՆՈՒՅՆ, կամ ԱՌԱՎԵԼ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՑԵՂԱՏԵՍԱԿԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՒ ԳԵՂԱԶԱՐԴ ԾԱՌԱՏԵՍԱԿՆԵՐՈՎ։
Մյուս կետը վերաբերվում է ինվազիվ տեսակներին։
Նորից եմ կրկնում այն, ինչ բավականին երկար բացատրեցի ՀՈԱԿ ի ներկայացուցիչներին. քաղաքային կանաչապատումը քաղաքային պլանավորման մի մասն է եւ ցանկացած որոշում պետք է բխի քաղաքային պլանավորման այլ ոլորտների խնդիրների համալիր լուծումից։ Ծառն ուղղակի ծառ չէ, այլ ՆԱԵՒ կոնկրետ ֆունկցիա ունեցող քաղաքաշինական միավոր, որը պետք է ունենան տվյալ միջավայրին բնորոշ ֆունկցիոնալություն։ Հիմա, բավականին ինտենսիվ երթեւեկություն ունեցող փողոցի եզրին, բանուկ մայթ ունեցող հատվածում սակուռան կարո՞ղ է ունենալ ավելի լավ հատկանիշներ, քան նույն այդ հատված հացենիները։ Ո՞ր մասնագետը ռիսկ կանի նման պնդում անել։ Դե եկեք տեսնենք։
Չգիտեմ այս բորշը եփածները ո՞նց են տակից դուրս գալու։
Իրավապահ մարմինները էլ ավելի շատ գործ ունեն անելու»,-գրել է մասնագետը:
Ըստ «Հետքի» մարտի 24-ի հրապարակման, սակուռաներ գնելու պայմանագիր է կնքվել փետրվարի 14-ին, այսինքն մինչեւ այս գիտական աշխատաժողովը։ Հետո, փետրվարի 27-ին, աշխատաժողովի հետո, համաձայնագիր է կնքվել ու քանակների փոփոխություն արվել։
Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ 2023 թվականի փետրվարի 14-ին ՀՈԱԿ-ը գնման պայմանագիր է կնքել «Կանաչ հեքիաթ» ՍՊԸ-ի հետ։ Ընկերությունը պարտավորվել է այդ գումարի դիմաց մատակարարել ընդհանուր 150 հատ սակուրա ծառատեսակի տնկի։
Երևանի քաղաքապետարանը սակուրայի մեկ տնկին ձեռք է բերել 65-72 հազար դրամով: